Դա մեծ ապտակ էր Պապի երեսին. համաշխարհային առաջնորդներն իրենց հիասթափությունն են հայտնել Թրամփին Կլիմայական համաձայնագրից դուրս գալու պատճառով

10:29 • 02.06.17

Համաշխարհային առաջնորդներն արձագանքել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշմանը՝ իրենց խոր հիասթափությունն ու ափսոսանքը հայտնելով այս առնչությամբ:

Ինչպես նշում է The Guardian-ը, Թրամփի հայտարարությունից հետո նրան անմիջապես զանգահարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու իր հիասթափությունը հայտնել: Այնուհետև Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով մյուս երկրներին միավորել ջանքերն արդեն իսկ տեսանելի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար:

«Հարգում եմ Թրամփի որոշումը, բայց կարծում եմ, որ նա սխալ է գործում իր երկրի, ժողովրդի, ինչպես նաև մոլորակի ապագայի համար»,-իր թվիթերյան էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել  Մակրոնը: Նա նաև հավելել է, որ Փարիզյան համաձայնագրի վերաքննարկումը կամ դրա կետերի մեղմացումը հնարավոր չէ:

«Կլիմայի հարցում չի կարող լինել «պլան Բ», քանի որ մոլորակ «Բ» էլ չկա»,-հավելել է Մակրոնը:

Բրիտանական պարբերականը նշում է, որ Թրամփի որոշման վերաբերյալ իրենց հիասթափությունն են հայտնել Կանադայի, Մեքսիկայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Հնդկաստանի ղեկավարները, Եվրոպական միությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Մինչդեռ Վատիկանը հայտարարել է, որ Թրամփի քայլը «մեծ ապտակ էր Հռոմի պապի երեսին» ու «իսկական աղետ բոլորի համար»:

Աղբյուրը հիշեցնում է, որ պոնտիֆիկոսը մի քանի օր առաջ էր հանդիպել ԱՄՆ ղեկավարին ու խոսել նրա հետ շրջակա միջավայրը կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունից պաշտպանելու անհրաժեշտության մասին: Մինչդեռ Թրամփը Պապին ասել էր, որ չի մոռանա նրա ասածները:

Հավելենք, որ Թրամփի որոշումը քննադատողների թվում են նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել է Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման մասին:

Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող էր 2.7 մլն աշխատատեղ կորցնել 2025 թվականին, եթե կատարեր 2015-ին կնքված համաձայնագրի պայմանները:

Փարիզյան համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի դեկտեմբերին, որի 195 մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացումն ավելի քան 2 աստիճանով:

Հայտնի է, որ Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրին չմասնակցող երկրները 3-ն են՝ ԱՄՆ-ն, Նիկարագուան և Սիրիան: