Երևանի փողոցները մաքրվում են նաև Բանգլադեշ պետության քաղաքացիների կողմից

21:22 • 05.06.17

Երևանում գիշերային ժամերի կարելի է նկատել փողոցները մաքրող ասիական արտաքինով տղամարդկանց:

Tert.am-ի հետ զրույցում «Սանիթեք» ընկերություն ընկերության հաղորդակցության թիմից, ի պատասխան հարցի, թե որ երկրի քաղաքացիներ են գիշերային հավաքարարները, հայտնեցին, որ  ընկերությունում այս պահին աշխատում են Բանգլադեշ պետությունից  եկած 7 աշխատակիցներ։

Ի դեպ, ընկերությունը ինքն է նախաձեռնել և հրավիրել նրանց Հայաստան՝ նրանց հետ կնքելով 3 տարվա պայմանագիր։

«Քանի որ արդեն իսկ տարբեր երկրներում աշխատելու փորձից համոզվել է, որ այդ երկրի մարդիկ շատ աշխատասեր են և հիմնականում ներգրավված են հենց աղբահանության և սանիտարական մաքրման գործում։ Բացի այդ, իրենց երկրում աշխատանքի բացակայության պայմաններում, նրանցից շատերն են աշխատում աշխարհի տարբեր երկրներում։ Ուստի Հայաստանում աշխատելու առաջարկը գրավիչ էր նրանց համար։

Նշելով, որ ընդհանուր առմամբ, «Սանիթեք» ընկերությունում աշխատում են շուրջ 1000 աշխատակիցներ և նրանց 90 տոկոսը ազգությամբ հայեր են, հավելեցին, որ նման, թեկուզ փոքր, ազգային բազմազանությունը նաև մրցակցային մթնոլորտ է ստեղծում աշխատակիցների ներսում և խթանում, որպեսզի ավելի պատասխանատու վերաբերմունք դրսևորվի աշխատանքի նկատմամբ։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու իրենց  ընտրությունը կանգ առավ հենց Բանգլադեշ պետության քաղաքացիների վրա, ապա կրկնեցին` այս երկրի մարդիկ շատ աշխատասեր են և հակված են աշխատանք փնտրելու դրսում։

Ընկերությունը չի բացառում, որ ապագայում գուցե ավելի շատ օտարերկրացի մարդիկ ներգրավվեն աղբահանության և սանմաքրման աշխատանքներում։