ՀԴԲ նախկին տնօրենը Թրամփին սուտասան է անվանել ու սկանդալային վկայություն տվել Սենատում. մանրամասներ ելույթից (տեսանյութ)
Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին ղեկավար Ջեյմս Կոմին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև հնարավոր կապերի գործով 3 ժամ շարունակ վկայություն է տվել Սենատում՝ խոսելու ժամանակ Թրամփին սուտասան անվանելով:
Ինչպես նշում է The Guardian-ը, Կոմին, որին Թրամփը մայիսի 9-ին պաշտոնից հեռացրել էր վատ աշխատելու պատճառաբանությամբ, ասել է, որ իրեն աշխատանքից հեռացնելու իրական պատճառը Թրամփ-Ռուսաստան հնարավոր կապի վերաբերյալ իր վարած հետաքննությունն էր:
Կոմիի վկայության կարևորագույն մասերից մեկի համաձայն՝ Թրամփը նրան կարգադրել էր փակել հետաքննությունը՝ նշելով, որ այն իր համար հավելյալ խնդիրներ է ստեղծում:
Կոմիի պնդմամբ՝ ԱՄՆ նախագահը ստել է ու իրեն միտումնավոր վատաբանել՝ փորձելով, այդպիսով, արդարացնել պաշտոնից իր հեռացումը:
ՀԴԲ նախկին տնօրենը նաև մանրամասնել է, որ Թրամփի հետ ունեցած հանդիպումներից յուրաքանչյուրը ձայնագրել է, քանի որ մտավախություն է ունեցել, որ նախագահը կարող է իրենց միջև խոսացածն աղավաղված ներկայացնել:
«Անկեղծ ասած՝ ես կասկածում էի, որ նա կարող է ստել մեր հանդիպման իրական բնույթի վերաբերյալ, ուստի՝ որոշեցի ամեն ինչ գրանցել»,- պատմել է Կոմին՝ հավելելով, որ նախագահի հետ հանդիպումների մանրամասներն ընկերոջ միջոցով փոխանցել է մամուլի ներկայացուցիչներին:
«Ռուսներն իրոք միջամտել են 2016թ. կայացած նախագահական ընտրություններին: Նրանք դա միտումնավոր են արել ու շատ գրագետ ձևով: Այդ հարցում նրանք գործադրել են տեխնիկական անհավանական ջանքեր: Թրամփի վարչակազմը նախընտրեց ինձ ու ամբողջ ՀԴԲ-ն վարկաբեկել՝ ասելով, որ կառույցը վատ է ղեկավարվում ու աշխատում և կորցրել է ղեկավարի վստահությունը: Բայց դրանք ստեր էին՝ շատ պարզ ու հասարակ, որոնք, ցավոք, մատուցվել են ամերիկացի ժողովրդին: Վստահ եմ, որ ինձ հեռացրին Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ հետաքննության պատճառով: Այդ հետաքննությունը նյարդայնացնում էր նախագահին և հավելյալ ճնշում գործադրում նրա վրա, ուստի՝ նա որոշեց ինձ հեռացնել»,-մեջբերում է The Guardian-ը ՀԴԲ նախկին տնօրենի խոսքը:
Կոմին վկայությունը եզրափակել է՝ նշելով, որ Թրամփի հետ ունեցած մի քանի հանդիպումներից հետո իր մոտ այն զգացողությունն էր, որ ԱՄՆ նախագահն իրեն նույն պաշտոնում պահելու համար ինչ-որ բան էր ակնկալում՝ հավանաբար սկանդալային հետաքննությանը վերջ տալը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մարկ Կասովիչը հերքել է ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի հայտարարություններն առ այն, որ Թրամփն իբր խնդրել է դադարեցնել հետաքննությունը:










