Հս. Կորեան խորհուրդ է տվել Հրվ. Կորեային «չհետևել հոգեկան հիվանդ Թրամփին»

16:13 • 22.06.17

Փհենյանը խորհուրդ է տվել Սեուլին չհետևել ամերիկյան քաղաքականությանը, որը ձևավորում է «հոգեկան հիվանդ Թրամփը»: Այդ մասին հայտնում է The South China Morning Post-ը:


«Հարավային Կորեան պետք է հասկանա, որ եթե շարունակի հետևել հոգեկան հիվանդ Թրամփին, աղետի կհասնի»,- ասված է հյուսիսկորեական «Նոդոն Սինմուն» թերթի խմբագրական հոդվածում:


Հյուսիսկորեացի լրագրողները պնդում են, որ ամերիկացի նախագահը հայտնվել է բարդ իրավիճակում և այժմ, առաջ տանելով ԿԺԴՀ-ի դեմ կանխարգելիչ հարվածի գաղափարը, փորձում է ներքաղաքական միավորներ հավաքել:


Հունիսի 20-ին Դոնալդ Թրամփը խոստացել է պատժել ԿԺԴՀ-ին ամերիկացի ուսանող Օտտո Ուոմբիերի մահվան համար:


«Օտտոյի ճակատագիրն ուժեղացնում է իմ վարչակազմի վճռականությունը՝ անել այնպես, որ անմեղ մարդիկ այլևս չդառնան իրավունքի գերակայությունը և պարզ մարդկային արժանապատվությունը չհարգող ռեժիմի զոհեր: ԱՄՆ-ն հերթական անգամ դատապարտում է հյուսիսկորեական վարչակազմի դաժանությունը՝ սգալով նրա վերջին զոհի համար»,- հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ամերիկացի Օտտո Ուոմբիերը, ով ազատվել էր Հյուսիսային Կորեայից ու տեղափոխվել ԱՄՆ, մահացել է:


Անցյալ շաբաթ Օտտոն ազատ էր արձակվել Հս. Կորեայի բանտից ու տեղափոխվել հայրենիք՝ կոմայի մեջ գտնվելով։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին գլխուղեղի ծանր վնասվածք։


Փհենյանի վարկածի համաձայն՝ Ուոմբիերը բոտուլիզմով էր հիվանդացել բանտում, քնաբեր էր ընդունել ու կոմայի մեջ ընկել։


ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել էր, որ հաջողվել է պայմանավորվել երիտասարդի ազատ արձակման հարցում։ Երիտասարդը 15 տարվա ուղղիչ աշխատանքների էր դատապարտվել, քանի որ քարոզչական պաստառ էր պատռել Փհենյանում: