Մոսկվայի կենտրոնում հայ գործարարի սպանության պատճառը կարող էր լինել նրա բիզնեսը. Life.ru (տեսանյութ)

14:28 • 27.06.17

Ռուսաստանում քննիչները պարզում են, թե ով կարող էր լինել «Кап-строй» շինարարական ընկերության ղեկավար Վաչիկ Աբգարյանի վրա զինված հարձակման հետևում: Իրավապահները չեն բացառում, որ ձեռնարկատիրոջ վրա հարձակման պատճառ կարող էին լինել բիզնեսում տարաձայնությունները, գրում է life.ru-ն:


Լրատվամիջոցի տվյալներով՝ 2016 թվականի հունիսից «Кап-строй»-ը որպես վարկատու պահանջում է սնանկ ճանաչել «Մոսկվայի Զելենոգրադի վարչական շրջանի ձեռնարկատիրության զարգացման կենտրոն» ոչ առևտրային ընկերությանը: Նշվում է, որ մինչ այժմ դա անել չի հաջողվել:


«Кап-строй» ընկերությունը մայրաքաղաքի իշխանությունների հետ աշխատող ամենախոշոր ընկերություններից էր:


Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել 57-ամյա ձեռնարկատեր Վաչիկ Աբգարյանի սպանության մասին: Նրա ուղղությամբ կրակ են բացել Մոսկվայի Վերեյսկայա փողոցի վրա գտնվող գրասենյակի մոտ: Փամփուշտը դիպել է նրա կրծքավանդակին: Նա հոսպիտալացվել է: Բժիշկները տղամարդու մոտ գրանցել են կլինիկական մահ:

Հաղորդվում է, որ գործարարին ավտոմեքենայով գրասենյակ էր բերել որդին։

Լրատվամիջոցները հայտնում են նաև գործարարի՝ ինքնասպանություն գործելու մասին։