ԱՄՆ-ը հանել է Աբու Դաբի - ԱՄՆ օդանավերով նոթբուք տեղափոխելու արգելքը

23:43 • 02.07.17

Արաբական Միացյալ Էմիրությունների Etihad Airways ավիաընկերությունը կիրակի հայտնել է, որ ամերիկյան վերահսկիչ մարմինները չեղարկել են Աբու Դաբիից ԱՄՆ մեկնող օդանավերում էլեկտրոնային սարքավորումներ տեղափոխելու արգելքը:  

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով արաբական աղբյուրը, այս որոշումը կայացվել է Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում անվտանգության միջոցառումների խստացումից հետո: 

Մարտի 21-ին ամերիկյան իշխանություններն 10 խոշորագույն միջազգային օդանավակայաններից ԱՄՆ թռչող ուղևորներին արգելել էին բջջային հեռախոսից ավելի մեծ չափի էլեկտրոնային սարքեր բարձրացնել օդանավ: Տվյալ միջոցառումը կիրառվել էր Եգիպտոսից, Հորդանանից, Քաթարից, Քուվեյթից, Մարոկկոյից, ԱՄԷ-ից, Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից թռչող ուղևորների նկատմամբ: 

Հունիսի 29-ին ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարությունը հայտնել է 105 երկրի 280 օդանավակայանում անվտանգության միջոցառումների խստացման մասին: