Երկու հայ եղբայրներ իրենց երեխաների հետ խեղդվել են Չելյաբինսկի լճում

01:17 • 04.07.17

Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում ողբերգական պատահարի հետևանքով հայեր են մահացել, այդ թվում փոքր երեխաներ: Դժբախտ պատահարը 7 կյանք է խլել:

Ինչպես հայտնում է Interfax-ը, տղամարդկանցից մեկը իր և երկու եղբայրների երեխաների հետ նավակով շրջելիս է եղել Մաքսիմկա լճում, երբ նավակը հանկարծակի շրջվել է, երեխաներն ու տղամարդը հայտնվել են ջրում, օգնություն են կանչել։ Ափին կանգնած մյուս եղբայրներն անմիջապես նետվել են ջուրը, սակայն նույնպես խեղդվել են:

Ջրից դուրս են բերվել երկու տղամարդու, ինչպես և տասը տարեկան մի աղջկա և երկու տարեկան տղայի մարմինները: Ավելի ուշ հայտնաբերել են 8 ու 15 տարեկան երկու տղաների մարմինները, իսկ մեկ տղամարդու դեռ որոնում են։


Նավակում գտնվող ինը հոգուց չորսին է հաջողվել փրկվել։ Պաշտոնական տեղեկության համաձայն՝ Մաքսիմկա լիճը նախատեսված չէ ո՛չ լողալու, ո՛չ էլ նավակով զբոսնելու համար: Զոհված քաղաքացիներից ոչ մեկը չի պահպանել անվտանգության կանոնները, նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել, փրկարարական բաճկոններ չեն կրել: