ԱՄՆ-ում գեղեցիկ հրավառությամբ նշել են անկախության 241-ամյակը (լուսանկարներ, տեսանյութ)
Հուլիսի 4-ին Միացյալ Նահանգներում մեծ շուքով նշել են երկրի անկախության 241-րդ տարեդարձը, որի ամենադիտարժան մասն են կազմել անկրկնելի հրավառությունները:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս մի քանի ամիս առաջ: Վաշինգտոնում ու Նյու Յորքում հասարակական կարգը պահպանել են հազարավոր ոստիկաններ:
Ընդհանուր առմամբ, Անկախության տոնի առթիվ տեղի է ունեցել 60.000-ից ավելի հրավառություն՝ գեղագիտական հաճույք պատճառելով հազարավոր հավաքվածներին:
Տոնի առթիվ կազմակերպվել են նաև աստղային համերգներ, որոնց ժամանակ ելույթ են ունեցել Ջենիֆեր Լոպեսը, Շերիլ Քրոուն, Բրեդ Փեյսլին և այլ հայտնիներ:
Աղբյուրը հավելում է, որ նախքան տոնակատարությունների մեկնարկն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ ընդունելություն են կազմակերպել Սպիտակ տանը:
Հավելենք, որ 1776 թ. հուլիսի 4-ին ստորագրված Անկախության հռչակագիրը սկիզբ է դրել ամերիկյան պետականությանը: Հռչակագիրը դարձել է առաջին պաշտոնական փաստաթուղթը, որում գաղութներն անվանվել են «Ամերիկայի Միացյալ Նահանգներ»: Դարի այդ կարևորագույն փաստաթղթում իրենց արտացոլումն են գտել նաև ամերիկյան հեղափոխության տաղանդավոր գործիչների՝ Ջ. Վաշինգտոնի, Ջ. Ադամսի, Բ. Ֆրանկլինի, Թ. Փեյնի իրավաքաղաքական և ժողովրդավարական գաղափարները:


























