Պուտինն ու Թրամփը միմյանց ձեռք են սեղմել G20-ի շրջանակում. Կրեմլ

14:42 • 07.07.17
Պուտինն ու Թրամփը միմյանց ձեռք են սեղմել G20-ի շրջանակում. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են G20 գագաթնաժողովի հետնաբեմում: Հանդիպելիս նրանք միմյանց ձեռք են սեղմել։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ТАСС-ը:


Նշենք, որ Պուտին-Թրամփ հանդիպումը G20-ի թերևս ամենասպասված իրադարձությունն է: Ամիսներ շարունակ ԶԼՄ-ներն անդրադառնում էին նրանց ենթադրյալ հարաբերություններին:


Այնուամենայնիվ, ինչպես գրում է The Telegraph-ը, մինչ ամբողջ աշխարհը սպասում էր տեսախցիկների առջև Թրամփի և Պուտինի ձեռքսեղմման պատմական պահին, նրանք իրենց նախնական հանդիպումն ունեցել են տեսախցիկներից հեռու:


«Քսանյակի» աշխատանքային երկրորդ նիստից հետո օրվա երկրորդ կեսին Համբուրգի ցուցահանդեսային կենտրոնում կայանալիք բանակցություններում, ինչպես սպասվում է, քննարկվելու են Սիրիայի և Ուկրաինայի թեմաները, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը, ռազմավարական կայունության և այլ հարցեր:


Մամուլի քարտուղարը նշել է, որ հանդիպմանը նախապատրաստվելիս Պուտինն ի գիտություն է ընդունել նախօրեին Լեհաստանում Թրամփի արած հայտարարությունները ՌԴ-ի ապակայունացնող ազդեցության մասին:


«Անկասկած, Լեհաստանում պարոն Թրամփի և Վաշինգտոնից այլ պաշտոնատար անձանց բոլոր հայտարարությունների մասին մենք մանրամասն զեկուցել ենք պարոն Պուտինին: ՌԴ նախագահը դա ընդունել է ի գիտություն»,- ասել է Պեսկովը: 


Ավելի վաղ հաղորդվել է, որ համբուրգում մեկնարկել է G20 գագաթնաժողովը՝ աշխարհի առաջնորդների մասնակցությամբ: