Թերացում չեմ ունեցել, հիվանդություններ կան, որ անվերահսկելի են. Շուշանիկ Բախշյանը՝ ծննդկան Մերի Մարգարյանի մահվան պատճառների մասին (տեսանյութ)

11:36 • 11.07.17

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատավարությունը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ: Այսօրվա դատական նիստին կրկին հարցաքննվում էր մանկաբարձ-գինեկոլոգ, ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հարցին, թե բժիշկը համարո՞ւմ է, որ ինչ-որ հարցում թերացել է, Շուշանիկ Բախշյանն ասաց. «Թերացում չեմ ունեցել, որովհետև շաբաթ, կիրակի զննել են հերթապահ բժիշկները»:

Հարցին, թե եթե թերացում չի ունեցել, ապա 2015 թվականի հուլիսի 23-ից 27-ը հիվանդի վիճակի դրական դինամիկա գրանցվե՞լ է, թե ոչ, Բախշյանն ասաց, որ ինքը Մերի Մարգարյանին չի տեսել, սակայն բժիշկներն ասել են, որ կիրակի օրը վիճակի բարելավում նկատվել է:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանի հարցին, թե Մերի Մարգարյանը ռիսկային հղի եղե՞լ է կամ երբևէ համարվե՞լ է ռիսկային հղի, Շուշանիկ Բախշյանը բացասական պատասխան տվեց:

Հարցին, թե այդ դեպքում, երբ ամեն ինչ իդեալական էր, ինչո՞ւ մահացավ Մերի Մարգարյանը, Շուշանիկ Բախշյանն ասաց. «Ըստ փաստաթղթերի՝ բազմաօրգանային անբավարարությունից: Հիվանդություններ կան, որ անվերահսկելի են: Մանկաբարձության մեջ կարող են լինել իրավիճակներ, երբ վայրկյաններում կարող է փոխվել վիճակը, որի դեմ ոչ ոք պայքարել չի կարող։ Մանկաբարձության մեջ կանխատեսել, պլան գծել ու ասել՝ ինչով կավարտվի՝ ոչ ոք չի կարող ասել, թե ոնց կլինի»:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը: 

«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին և նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում ազատում պաշտոնից՝ առավելագույնը 3 տարի ժամկետով): 

Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: