Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Լապշինի գործով դատաքննությունն ավարտվել է
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է Ադրբեջանում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի քրեական գործի վերաբերյալ դատավարությունը:
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, դատավոր Ալովսաթ Աբասովի նախագահությամբ անցկացված նիստին ավարտվել է բլոգերի գործով դատաքննությունը:
Դատախազը խնդրել է դատարանին իրեն ժամանակ տրամադրել մեղադրական ճառի պատրաստման համար:
Դատավարությունը կշարունակվի հուլիսի 14-ին:
Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին:
Լապշինին սպառնում է 8 տարվա ազատազրկում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։










