Պենտագոնն արձագանքել է Թուրքիայի կողմից ռուսական С-400-ների հնարավոր գնմանը

12:23 • 15.07.17

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մետիսը ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու Թուրքիայի պլաններն անվանել է «երկրի սուվերեն որոշումը»։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը, տեղեկացնում է գերատեսչության կայքը։


Մետիսի խոսքով՝ հնարավոր գործարքը հարցեր է առաջացնում, թե ինչպես Թուրքիան կարող է ապահովել  ռուսական համալիրների համատեղելիությունը ՆԱՏՕ-ի տեխնիկայի հետ։ «Դրանք երբեք համատեղելի չեն լինի»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։


Նա կոչ է արել հետևել իրադարձությունների զարգացմանը։ «Իսկապե՞ս նրանք կկիրառեն С-400-ները»,-նշել է ամերիկացի պաշտոնյան։


Հունիսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թուրքիային С-400 վաճառելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։


ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը չի խոչընդոտում երկիր ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարումներին: Այդ մասին հայտարարել էր Մոսկվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը:


«ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը չի խոչընդոտում բազմավեկտոր արտաքին քաղաքականության իրականացման, այդ թվում՝ Անկարային C-400 համալիրների մատակարարումներին»,- հայտարարել է դեսպանը:


Թուրք դեսպանը նշել է նաև, որ Անկարային ռուսական C-400 համալիրների մատակարարումների հարցում առաջընթաց կա, և տեխնիկական խորհրդակցությունները լավ են ընթանում:


«Կա առաջընթաց, տեխնիկական խորհրդակցություններն ընթանում են դրական ուղղությամբ, շփումները շարունակվում են»,- հայտարարել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ստորագրվել է Անկարային ռուսական համալիրների մատակարարման մասին պայմանագիրը:


Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի, գրել էր, որ Թուրքիան համաձայնել է 2.5 մլրդ դոլար վճարել ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը ձեռք բերելու համար:


ՌԴ զինտեխնիկայի արտահանմամբ զբաղվող ընկերության` «Ռոսօբորոնէքսպորտի» ներկայացուցիչը նշել է, որ դեռևս չի կարող մեկնաբանել Թուրքիայի հետ գործարքի մանրամասները:


Գործակալությունը նշում է, որ այդ գործարքն ազդարարում է, որ Թուրքիան երես է թեքում ՆԱՏՕ-ից, որի հետ համագործակցել է ավելի քան վեց տասնամյակ: