Հայաստանում մեկնարկել է «ՍՏԱՆԴԱՐՏ» Ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն (տեսանյութ)

13:40 • 20.07.17

Հայաստանում այսօր մեկնարկ է տրվել «ՍՏԱՆԴԱՐՏ» Ժամանակակից արվեստի առաջին տրիենալեին, որը կազմակերպել է Արվեստների հայկական խորհուրդը (ԱՀԽ)՝ ՀՀ Մշակույթի նախարարության, «Արվեստն աշխարհի համար» կազմակերպության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, «Հայկական արվեստի հիմնադրամի» և մի շարք այլ մասնավոր գործընկերների և աջակիցների հետ հատուկ համագործակցության արդյունքում:

Փառատոնի կազմակերպման մտահղացման և մանրամասների մասին այսօր լրագրողներին տեղեկատվություն հաղորդեց Արվեստների հայկական խորհրդի նախագահ Վարդան Կարապետյանը՝ նշելով, որ միջազգային փառատոնի միտքը ծագել է Հայաստանում, տևելու է մինչև 2017 թվականի դեկտեմբերն ու ունենալու է շրջիկ բնույթ:

«Այս տարվա տրիենալեի համար ընտրված է Գյումրիից Երևան, Երևանից Սևան երթուղին»,- նշեց նա:

Վարդան Կարապետյանի խոսքով՝ «ՍՏԱՆԴԱՐՏ» տրիենալեն Հայաստանում ամուր հիմքեր ունի, քանի որ Հայաստանում ձևավորված ժամանակակից արվեստի համակարգը բավականին օգնել է այն կազմակերպելու գործում:

«Ժամանակակից Արվեստը նոր բան չէ Հայաստանում: Գյումրիի բիենալեն մեծ ավանադույթ ունի այդ առումով: Երևանում գործող հաստատությունները 90-ականների սկզբներից մեծ գործ են կատարել և բավականին հղկել են ժամանակակից արվեստի դաշտը և չմոռանանք,  որ 2015 թվականին Վենետիկի բիենալեում Հայաստանի տաղավարը «Ոսկե առյուծ» մրցանակ է ստացել: Այդ մրցանակը մեծապես նպաստեց Հայաստանի միջազգային դեմքն ավելի պարզեցնելուն ժամանակակից արվեստի ոլորտում: Ես մեծ պատիվ եմ ունեցել իբրև կոմիսար Հայաստանը ներկայացնելու այդ ցուցահանդեսում, և ավելի մեծ պատիվ է ինձ համար, որ այսօր մեզ հետ է այդ մրցանակի հեղինակ Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը»,- նշեց Վարդան Կարապետյանը:

«ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեի Հայեցակարգի հեղինակ և համադրող Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը, ով եղել էր 2015 թվականի Վենետիկի 56-րդ բիենալեում «Ոսկե Առյուծ» մրցանակը նվաճած Հայկական տաղավարի համադրողը, նշեց, որ որոշել են հիմնադրել «ՍՏԱՆԴԱՐՏ» տրիենալեն Հայաստանում, քանի որ չեն ցանկանում կորցնել այն, ինչ ձեռք է բերվել 2015-ին Վենետիկի բիենալեում:

Նշենք, որ կազմակերպիչների խոսքով՝ Ֆրանսիացի սյուրռեալիստ գրող և բանաստեղծ Ռընո Դոմալի (1908-1944) «Անալոգ լեռը» անավարտ վեպից ոգեշնչված՝ «ՍՏԱՆԴԱՐՏԸ»-ը տեղի կունենա Արարատ լեռան շրջակայքի ինքնատիպ պատմամշակութային վայրերում:

Իբրև բանաստեղծական հետազոտություն և ժամանակավոր գոյութենական ապրում՝ «Անալոգ լեռը» բացահայտում է գիտելիքի որոնման արտացոլանքները՝ հիմնված այն դրույթի վրա, ըստ որի՝ ստեղծագործ մտքի ոգին ուղղակիորեն առնչվում է մարդու էությանն ու փորձին:

Կազմակերպիչների հավաստմամբ՝ Հայաստանում կազմակերպված տրիենալեն նպատակ ունի կամրջելու անցկացման զանազան վայրերն ու արվեստի գործերը՝ անմիջական երկխոսություն ձևավորելով տարբեր մշակութային ավանդույթների տեր մասնակից արվեստագետների և համադրողների միջև, ինչը կհանգեցնի փորձի փոխանակման և համագործակցության Հայաստանի մշակութային գունագեղ հարթակի վրա:

Դրա արդյունքը լինելու են մի շարք ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, ինչպես նաև՝ հյուրընկալվող և հայաստանաբնակ արվեստագետների միջև հանդիպումներ և համագործակցություններ, տեղային աշխատանքներ ու կատարումներ: Սեպտեմբերին կթողարկվի կայք, որում տեղակայված կլինի ճամփորդական մատյանը՝ նկարներով հանդերձ, և գիրք, որին իրենց ներդրումը կբերեն զանազան արվեստագետներ և տարբեր ոլորտների մասնագետներ՝ բազմազան մոտեցումներ առաջարկելով՝ «Անալոգ լեռան» թեմայի մեջ: 




Հայաստանում մեկնարկել է «ՍՏԱՆԴԱՐՏ» Ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն (տեսանյութ)