Հայրիկյանի մահափորձի գործով 14 տարով դատապարտված էպոսագետն առողջական խնդիրներ ունի, բուժումից հրաժարվել է

20:53 • 24.07.17

Tert.am-ի տեղեկություններով «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանը քրեակատարողական հիմնարկում միջադեպի մասնակից է դարձել, բացի այդ նաև առողջական խնդիրներ ունի:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից Tert.am-ին միջադեպի մասնակցության վերաբերյալ հայտնեցին, որ նման տեղեկություն չկա, իսկ առողջական խնդիրներ ունեցել է:

«Վարդան Սեդրակյանն առողջական խնդիրներ ունեցել է: Հունիսի 14-ին նա տեղափոխվել է քաղաքացիական բուժական հաստատություն, սոնոգրաֆիա է արվել, արյան հետազոտություն և այլն: Բուժական հաստատությունում ասել են, որ դատապարտյալը ստացիոնար բուժման կարիք ունի: Սեդրակյանին առաջարկվել է, որպեսզի բուժումը ստանա Դատապարտյալների հիվանդանոցում: Այդ կապակցությամբ հուլիսի 3-ին Սեդրակյանին թույլտվություն է տրվել, ինչից դատապարտյալը գրավոր հրաժարվել է»,-հայտնեցին քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Հարցին, թե քաղաքացիական հիվանդանոցում բուժում ստանալու համար է դատապարտյալների հիվանդանոցից հրաժարվել, ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնեցին՝ հավանաբար, սակայն քաղաքացիական հիվանդանոցում բուժում ստանում են այն ժամանակ, երբ Դատապարտյալների հիվանդանոցը բուժումն իրականացնելու հնարավորություն չունի:

ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ Վարդան Սեդրակյանը շարունակում է պատիժը կրել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք, որ «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ հայտնի Վարդան Սեդրակյանը  2013-ին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

Գործով մյուս երկու ամբաստանյալները՝ մահափորձը կազմակերպելու և իրականացնելու մեջ մեղադրվող Խաչիկ Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը դատապարտվել են համապատասխանաբար, 14 և 12 տարվա ազատազրկման: