«Երկիր Ծիրանին» մտադիր է վերելակների արտադրության գործարան ստեղծել (տեսանյութ)

12:57 • 27.07.17

2017 թ. հուլիսի 3-19-ը ընկած ժամանակահատվածում «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում կազմակերպել է հանդիպում-քննարկումներ: Այսօր՝ հուլիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները ներկայացրեցին շուրջ մեկամսյա աշխատանքի արդյունքները և դրանց լուծումները:

ԵԾ նախագահ Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ երևանցիների խնդիրները հիմնականում վերաբերում են տրանսպորտի ոլորտին, նախադպրոցական կրթությանը, վերելակներին և սոցիալական բնույթի այլ հարցերի:

«Մենք տեղեկացել ենք, որ քաղաքապետարանը շուրջ 1 մլն դոլարի վարկ է ձեռք բերել և բրիտանական կազմակերպությանը պատվիրել խորհրդատվական ծառայություն: Գումարներն արդեն իսկ ծախսվել են, բայց շոշափելի արդյունքներ չկան: Նորից վերցրել են պարտք, և դա չի ծառայելու իր նպատակին: Երևանի բնակիչները նորից շարունակելու են երթևեկել միկրոավտոբուսներով»,- ասաց Փոստանջյանը:

Նախադպրոցական կրթություն խնդիրների մասին խոսեց «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Սոնա Աղեկյանը: Նրա խոսքով՝ նախադպրոցական կրթության իրավունքից ոչ բոլորն են կարողանում օգտվել. «Երևանի 162 մանկապարտեզ հաճախում է 30 953 երեխա, իսկ իր հերթին է սպասում 30 հազարը: Այսինքն, երեխաները փողոցից միանգամից գնալու են դպրոց, մինչդեռ շատ մանկապարտեզներ սեփականաշնորհված են»:

Բացի այդ, Աղեկյանն ընդգծեց դաստիարակների աշխատավարձերի խնդիրը, որը մոտ 70 հազար դրամ է: Իսկ քաղաքապետարանի հասարակ պատճենահանողը, նրա խոսքով, ստանում է մոտ 160 հազար դրամ աշխատավարձ:

«Մեզ անհրաժեշտ է ունենալ հստակ հերթագրված երեխաների թիվը և պետական բյուջեից ավելացնել ֆինանսավորումը՝ լրացուցիչ հատուկ ավագ խմբեր ունենալու համար»,- նշեց նա:

ԵԾ անդամ Իրինա Հարությանյանն ասաց, որ վերելակներից օգտվողները ապահովագրված չեն: Նրա խոսքով՝ դա ամենավտանգավոր և ամենակարևոր ոլորտն է, որն անմիջապես կախված է մարդու կյանքի հետ:

«Վերելակները գտնվում են անսարք, հնամաշ վիճակում: Ես անձամբ, պարտադիր խաչակնքվում եմ վերելակ նստելուց առաջ և շատ դեպքերում 10 հարկ ոտքով եմ բարձրանում, կարծում եմ՝ շատերի մոտ է այսպես: 4551 վերելակ կա, և բոլորն էլ գտնվում են անսարք վիճակում: Եթե ինչ-ինչ ձևերով վերանորոգվում էլ են, երկու շաբաթ հետո նորից դառնում են անսարք»,- շեշտեց Հարությունյանը:

Ըստ ԵԾ կուսակցության անդամների՝ համատիրությունները և քաղաքապետարանը համատեղ պատասխանատվություն են կրում վերելակների համար: Այս հարցում և՛ օրենսդրական լուծումներ են պահանջվում, և՛ ընդհանուր քաղաքականության փոփոխություն:

Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ մտադիր են վերելակների արտադրության գործարան կառուցելու ուղղությամբ աշխատանքներ տանել: Եթե ամբողջական արտադրությունը չլինի, գոնե հնարավոր կլինի պահեստամասերը արտադրել վերելակները վերանորոգելու համար:

Tert.am-ի հարցին, թե Երևանի քաղաքապետարանն ունի՞ համապատասխան ֆինանսական միջոցներ այս աշխատանքներն իրականացնելու համար, Փոստանջյանը պատասխանեց. «Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, եթե լիներ վստահելի քաղաքային իշխանություն, ապա Երևանում բազմաթիվ ներդրումներ կլինեին: Այսօր Երևանի հնարավորությունները շատ մեծ են»։