2017թ. 35 տնտեսվարող սուբյեկտների արտադրական գործընթացը կասեցվել է. ՍԱՊԾ վարչության պետ
2017 թվականի առաջին կիսամյակում պետական վերահսկողություն է իրականացվել 622 սուբյեկտների մոտ, այս թվում՝ 362 ստուգում, 186 դիտարկում, 74 անասնահամաճարակային մշտադիտարկում:
Այս տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը: Նրա խոսքով՝ 35 տնտեսվարող սուբյեկտների արտադրական գործընթացը կասեցվել է, կայացվել է անձանց աշխատանքի թույլատրելու մասին 37 որոշում:
«Վերահսկողության արդյունքում առավել հաճախ արձանագրվող խախտումներն են սանիտարահիգիենիկ պահանջների և մակնշման անհամապատասխանությունները, համապատասխանության գնահատման ընթացակարգի խախտումները, աշխատակիցների նախնական և պարբերաբար բժշկական զննությունների խախտումները, լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունները»,- թվարկեց նա:
Դանիելյանը շեշտեց, որ աշխատանքի այս ժամանակահատվածում մեծ ուշադրություն է դարձվել հատկապես նախակրթական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության խնդիրներին:
Նա, խոսելով զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում վերահսկողական միջոցառումների մասին, նշեց, որ ստուգումներ են իրականացվել 34 տնտեսվարող սուբյեկտների մոտ, արդյունքում՝ 16 արտադրական գործընթաց ժամանակավորապես կասեցվել է:
«Հացի արտադրության ոլորտում, դեռևս նախորդ տարվա վերջից սկսած, ստուգումների արդյունքում 20 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կասեցվել է՝ հիմնականում պայմանավորված սանիտարահիգիենիկ պայմանների անհամապատասխանությամբ: Այս ոլորտում 2017 թվականին արդեն էական փոփոխություններ են կատարվել՝ իրականացվել են վերանորոգման և արտադրական սարքավորումների վերազինման աշխատանքներ»,- ընդգծեց Դանիելյանը:
Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետն առանձնացրեց նաև այն կարգավորումը, ըստ որի, սեպտեմբերի 1-ից սկսած հացաբուլկեղենը և միսը պետք է տեղափոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող տրանսպորտային միջոցներով: Ավելին՝ արդեն իսկ ծանուցումներ են ուղարկվել 1316 տնտեսվարողներին:
«2017 թվականին առաջին կիսամյակում ստուգումներ են իրականացվել 13 կաթնամթերք արտադրող ընկերությունների մոտ: Հաշվի են առնվելու կաթնամթերքի արտադրության սեզոնային բնույթը և ռիսկայնությունը. ներկայումս ծառայության կողմից ստուգումներ են իրականացվում կաթնամթերք արտադրող 50 ընկերություններում: Հուլիսի սկզբից սկսած՝ ստուգումներ են իրականացվում նաև պաղպաղակի իրացման շուկայում՝14 տնտեսվարողների մոտ: Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացվող պետական վերահսկողությունը դեռևս գտնվում է ընթացքի մեջ, թեև արդեն իսկ կասեցվել է պաղպաղակի 4 արտադրություն: Ընդհանուր առմամբ կասեցվել է կաթնամթերքի արտադրության զբաղվող 13 տնտեսվարող սուբյեկտի արտադրական գործընթացը»,- եզրափակեց Վահե Դանիելյանը:










