ՀԿ-ների «գրանտներն» ուսումնասիրելու փորձագետի առաջարկը ՌԴ դեսպանի մոտեցումն է, որ ՀՀ-ն հետևի ռուսական փորձին. Ռ. Մեհրաբյան

22:40 • 29.07.17

Փորձագետ Արման Ղուկասյանի հայտարարությունը, որ Արդարադատության նախարարությանն է ներկայացնելու այն հ/կ-ների ցանկը, որոնք դրամաշնորհներ են ստանում օտար երկրներից՝ ստուգումներ անցկացնելու նպատակով, (փաստարկմամբ, թե դրանք ծառայում են ոչ այնքան՝ հօգուտ Հայաստանի, այլ օտար պետությունների ) և տարբեր անձանց կողմից  նմանատիպ հայտարարությունները միանշանակ տեղավորվում են ռուսական հայտնի  մոտեցումների մեջ:  

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ կոնկրետ մատնանշելով հայտնի ռուսական մոտեցումների «աղբյուրներից» մեկը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարություններից մեկը:

«Հայաստանը  կարող է օգտվել ռուսական փորձից՝ ինչպես պայքարել այդ հասարակական կազմակերպությունների դեմ: Ինչ ասեմ... նման հայտարարություն պետք սպասել հիմա, երբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում, և, ըստ ամենայնի, Ռուսաստանում կավելանան բռնաճնշումները հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության վրա: Նաև պետք է սպասել, որ Ռուսաստանը կփորձի մեծացնել ճնշումը Հայաստանի վրա, որպեսզի այստեղ էլ այդ՝ քաղաքացիական հասարակություն-պետություն հարաբերությունները կառուցվեն այսպես ասած՝ ռուսական ստանդարտներով»,-մեկնաբանեց Ռուբեն Մեհրաբյանը:

Ըստ նրա՝ առաջարկը փորձ է «տեղավորվելու այդ թրենդի մեջ»:

Նշենք, որ  Ա. Ղուկասյանն ասել էր, որ օրինագիծ են ներկայացնելու Ազգային ժողով, որտեղ նրանք առաջարկում են, որ Հայաստանում մասամբ ընդունվի օտարերկրյա գործակալների օրենքը:

Նշենք, որ Մեհրաբյանի համեմատությունը 2012 թվականին ընդունված օրենքի մասին է, որի հեղինակների հիմնական գաղափարախոսությունն այն է, որ այն ՀԿ-ները, որոնք իսկապես ֆինանսական օժանդակություն են ստանում արտասահմանից, կարող են միջամտել Ռուսաստանի ներքին քաղաքականությանը:

Ռուբեն Մեհրաբյանը համոզված է, որ Հայաստանում հնարավոր չի լինելու ընդունել նման օրենք, քանի որ դա, նախ թույլ չի տա քաղաքացիական հասարակությունը, և նաև պետությունը կունենա նման միտումներին չտրվելու խելամտություն: