Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռի փորձարկումներն «ԱՄՆ-ին ուղղված խիստ նախազգուշացում են»
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկումներն «ԱՄՆ-ին ուղղված խիստ նախազգուշացում» են և ևս մեկ անգամ ապացուցում են երկրի կարողությունը՝ հրթիռային արձակումներ իրականացնել ցանկացած կետից՝ ցանկացած պահի։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրությունում։
«Առաջնորդը հայտարարել է, որ երկիրն իրականացրել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում՝ ԱՄՆ-ին խիստ նախազգուշացում հղելու նպատակով, որպեսզի նրանք (ԱՄՆ-ն) հասկանան, որ իրենք չեն լինի անվտանգության մեջ, եթե համարձակվեն դիպչել մեր պետությանը»,- նշել է գործակալությունը։
Կիմ Չեն Ընը նաև նշել է, որ ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքները և երկրի նկատմամբ սահմանած խիստ պատժամիջոցները միայն ուժեղացնում են երկրի մտադրությունը՝ ունենալ միջուկային զինանոց, որը համարվում է «ազգային պաշտպանության ռազմավարական ուժը», այդ իսկ պատճառով «միջուկային ծրագիրը չի կարող փոխարինվել կամ տապալվել»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը նոր բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովում Հոկայդո կղզու ուղղությամբ։ Նշվում է, որ Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի գիշերային փորձարկում առաջին անգամ է իրականացվել։ Դեպքի առնչությամբ Ճապոնիայի և Հարավային Կորեայի ազգային անվտանգության խորհուրդների ներկայացուցիչները պատրաստվում են արտահերթ նիստ անցկացնել։
Հուլիսի սկզբին Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարել էր «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին հաջող փորձարկման մասին: Հրթիռն անցել էր հետագծով, որը փորձագետների կարծիքով՝ կարող է թույլ տալ հարվածել ԱՄՆ Ալյասկա նահանգին:
Հայտարարությունում նշվել էր, որ հրթիռի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 2.802 կիլոմետր: Հաղորդվել է նաև, որ 39 րոպեի ընթացքում այն անցել է 933 կիլոմետր: Հրթիռի արձակման մասին հրամանը տվել էր ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նա նաև հետևել էր փորձարկմանը:
Նշենք, որ վերջին տարիներին Հյուսիսային Կորեան ակտիվորեն զարգացնում է իր միջուկային ծրագիրն ու պարբերաբար բալիստիկ հրթիռների արձակումներ իրականացնում՝ շարժելով Արևմուտքի զայրույթը:
Պաշտոնական Փհենյանը բազմիցս հայտարարել է, որ սադրանքի դեպքում պատրաստ է երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն:










