Շամիրամ գյուղում կրակոցներ են հնչել, կա 3 զոհ, 9 վիրավոր

11:56 • 01.08.17

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում գտնվող սգո սրահում կրակոցներ են հնչել: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց տեղեկությունն ու ասաց. «Կրակոցներ հնչել են, կան զոհեր ու վիրավորներ»:

Ոստիկանության կայքը հայտնում է, որ նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Նաև պարզվել է կրակոցներ արձակած անձի ինքնությունը, նա դիմել է փախուստի։

Tert.am-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Արտյոմ Պետրոսյանը, հղում անելով Շամիրամի գյուղապետ Մրազ Բրոյանի՝ Ոստիկանություն հայտնածին, նշեց, որ կրակահերթից տուժած 9 անձանցից բացի ևս 2 անձ է եղել, որոնք իրենց միջոցներով տեղափոխվել են հիվանդանոց:

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում գտնվող հանդիսությունների սրահում արձակված կրակոցներից, ըստ նախնական տեղեկությունների, մահացել են Զորիկ Օզմանյանը, Աղասի Քյալոյանը և Ամրո Օզմանյանը:  

Այս մասին Tert.am-ին հայտնեց Շամիրամի գյուղապետ Մրազ Բրոյանը, ով երրորդ անձի ինքնության հետ կապված ընդգծեց. «Իմ կարծիքով՝ Ամրո Օզմանյանը»: 

Նրա տեղեկացմամբ՝ սպանվածները եզդիներ են, կրակոցներ արձակած անձը՝ նույնպես, բայց ոչ Շամիրամից, այլ Արմավիրի մարզի գյուղերից, իսկ սպանվածները գյուղ էին եկել Ռուսաստանի Դաշնությունից: 

Ի պատասխան հարցի, թե գյուղում ընտանիքների միջև կա՞ր թշնամանք, վենդետա, վերջինս ասաց. «Ես տեղյակ չեմ, սգո սրահում ներկա չեմ եղել, գյուղում ջուր չկար, եկել էի Երևան, դեպքը լսեցի, հետ եկա գյուղ»: 

Tert.am-ի տեղեկություններով՝  խնդիրը ծագել է ներազգային և միջանձնային հարցերից։