Հաքերները հայտարարել են, որ գողացել են «Գահերի խաղի» սցենարը

10:00 • 01.08.17

Հաքերների խումբը պնդում է, որ իրենց հաջողվել է գողանալ «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանի դեռ չթողարկված սերիայի սցենարը և այլ նյութեր, որոնց սեփականատերն է ամերիկյան HBO հեռուստաընկերությունը: Ընկերությունում հաստատել են, որ կիբեռհարձակում է տեղի ունեցել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Հաքերները հայտարարել են, որ նրանք 1,5 տերաբայթ տեղեկատվության հասանելիություն են ստացել, որի մի մասն արդեն հրապարակվել է համացանցում: Նրանց խոսքերով՝ շուտով նրանք համացանց կտեղադրեն է՛լ ավելի շատ տեքստեր և տեսանյութեր:


Entertainment Weekly-ի խմբագրությանն ուղարկված նամակում հաքերները կոչ են արել համացանցի բոլոր օգտատերերին ակտիվ ներբեռնել և տարածել գողացված տեղեկությունը:


Լրագրողները նշել են, որ հնարավոր է, որ հաքերների ձեռքում է հայտնվել այժմ հեռարձակվող «Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի չորրորդ սերիայի սցենարը:


«Մենք անմիջապես սկսել ենք հետաքննել տեղի ունեցած միջադեպը, մենք աշխատում ենք իրավապահ մարմինների և կիբեռանվտանգությամբ զբաղվող ընկերությունների հետ»,- ասված է HBO-ի հայտարարությունում:

 

Հաքերները հայտարարել են, որ գողացել են «Գահերի խաղի» սցենարը