Շեֆը դու չե՞ս. ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալը՝ դատավորին
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի (ՊՊԾ) գրավման 14-ի գործով արտագնա դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Դատական նիստի մեկնարկին նախագահող դատավորն ասաց, որ Հայկ Ալումյանը, ով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպանն է, կրկին չի ներկայացել դատական նիստին։
«Ալումյանը գրություն է ուղարկել, որ այլ նիստերով պայմանավորված չի կարող ներկայանալ դատական նիստին։ Բացի այդ, քանի որ Ալումյանը մի քանի նիստ անընդմեջ չի ներկայացել, Սմբատ Բարսեղյանն էլ հեռացված է նիստերի դահլիճից, գրություն էր ուղարկվել Հանրային պաշտպանի գրասենյակ Սմբատ Բարսեղյանին հանրային պաշտպան տրամադրելու համար»,- ասաց դատավորը։
Հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան Արմինե Ֆանյանն ասաց, որ գրությունը հանձնվել է իրեն, սակայն նախքան գործում ներգրավվելը ցանկանում է իմանալ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի կարծիքը, ով սակայն նիստերի դահլիճից հեռացված է։
Այդ ընթացքում պաշտպանները հայտնեցին, որ Հայկ Ալումյանը նախորդ նիստին ներկայացել է, սակայն խուզարկվելուց հրաժարվել է ու չի կարողացել մտնել նիստերի դահլիճ։
«Լուծեիք էդ հարցը»,- ասաց ամբաստանյալ Սեդրակ Նազարյանը, որին ի պատասխան դատավորն ասաց, որ ինքն այդ հարցը լուծողը չէ։
«Շեֆը դու չե՞ս»,- ասաց Նազարյանը։ «Շեֆ չկա։ Լավ, Սեդրակ, հիմա դրա ժամանակը չի»,-ասաց դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
Նիստերի դահլիճ բերված Սմբատ Բարսեղյանն ասաց, որ չի հրաժարվում իր պաշտպան Ալումյանից և իր շահերի պաշտպանությունն իրականացնելու է Հայկ Ալումյանը։ Նիստն ընդմիջվեց 15 րոպեով։










