«Նենց որ քիչ ծխեք». վարչապետի արձագանքը ծխելու դեմ պայքարի ռազմավարության ընդունմանը
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր կառավարության ընթացքում ներկայացրեց Ծխելու դեմ պայքարի ռազմավարությանը և այդ ռազմավարության 2017-2020 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
Ռազմավարության ներդրման նպատակն է միջոցներ իրականացնել` ուղղված Հայաստանում ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը` պաշտպանելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները` կրճատելով ծխախոտի օգտագործումը:
Ռազմավարությունը նախատեսվում է իրականացնել հետևյալ ուղղություններով.
1. Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ համագործակցության իրականացում:
2. Ծխելու դեմ պայքարին ուղղված գործող օրենսդրական դաշտի վերանայում և լրամշակում:
3. Ծխելու դեմ պայքարին ուղղված գործունեություն իրականացնող առողջապահական կազմակերպությունների կարողությունների զարգացում:
4. Դեռահասների շրջանում ծխելու դեմ ուղղված միջոցառումների իրականացում:
5. Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցված վնասների տվյալների ու մասշտաբների վերլուծության, հիմնական գործոնների, պատճառների բացահայտման և համաճարակաբանական հսկողության արդյունավետ գործընթացի իրականացում:
6. Ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած վնասների և հետևանքների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում:
Այսպիսով՝ ռազմավարության ներդրման ընթացքում ակնկալվում է իրականացնել մի շարք իրավական ակտերի փոփոխություններ և լրացումներ` ԱՀԿ Ծխելու դեմ պայքարի Շրջանակային կոնվենցիայի պահանջներին համահունչ: Նախագծում նշված է, որ Ռազմավարությամբ իրականացվող միջոցառումներն իրականացվելու է մեկ փուլով, 2017-2020 թվականների ընթացքում ակնկալվող հետևյալ արդյունքներով.
Ծխախոտի օգտագործման տարածվածության (տարեկան 1,5-2 %-ով) նվազեցում,
15 և բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ընթացիկ ցուցանիշի հարաբերական կրճատում մինչև 10%-ով:
Երկրորդային ծխի ազդեցության նվազեցում, որը կնպաստի արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից և շաքարային դիաբետից ընդհանուր և վաղաժամ մահացության կրճատում 5%-ով:
Վերջում վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով նախագծին, արձագանքեց. «նենց որ քիչ ծխեք»:










