Սեֆիլյանի գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպանները նիստին ներկայացել էին որպես քաղաքացի
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով դատական նիստի մեկնարկին կրկին փաստաբանները խուզարկվում էին:
Փաստաբան Նինա Կարապետյանցը պայուսակով չկարողացավ մուտք գործել դատարան և պայուսակը թողնելով դրսում մուտք գործեց դատարան:
«Երկու ամիս է նույն բանն են անում` անձնական տվյալներ են հավաքում: Հատուկ քննչական ծառայությունն ու դատախազությունը որևէ անգամ չարձագանքեց: Մուտքի մոտ ազգակցական կապ են ճշտում և այլն: Ինչ-որ շրջանակ է պարզվում այդ ցուցակներով, պարզում են ու այցելություններ են սկսվելու»,-ասաց Կարապետյանցը:
Դիտարկմանը, թե ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Փոլադյանն ասել է, որ այդ ցուցակները վերացվում են օրվա վերջում, փաստաբանն ասաց, որ նրա հայտարարությունն իր համար առարկայազուրկ է:
Դատական նիստի մեկնարկին դատավորը նկատեց, որ Նինա Կարապետյանցը, ով հանդիսանում է ամբաստանյալ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպանը, նստած է քաղաքացիներին հատկացված վայրում:
«Դատարանը ձեզ պարզաբանում է, որ դուք հանդիսանում եք դատավարության կողմ և պետք է տեղ զբաղեցնենք փաստաբանների համար հատկացված վայրում»,-ասաց դատավորը:
Նինա Կարապետյանցը ներկայացավ իրեն հատկացված տեղը և դատարանին հայտնեց, որ ինքը ներկայացել է որպես փաստաբան, չի կարող իրականացնել Ներսես Պողոսյանի պաշտպանությունը, որովհետև անհրաժեշտ նյութեր այդ պահին չեն գտնվում իր տրամադրության տակ.« Խուզարկում են, արդեն պահանջում են նաև գրպաններս դատարկել: Ես առանց պայուսակի եմ ներկայացել և ներկայացել եմ որպես քաղաքացի: Ինձ անհրաժեշտ նյութերը կարգադրիչները թույլ չեն տալիս բելել նիստերի դահլիճ»,-ասաց Կարապետյանցն ու լքեց նիստերի դահլիճը:
Դատական նիստերի քաղաքացիներին հատկացված դահլիճում էր գտնվում նաև Արայիկ Պապիկյանը, ով նույնպես իրականացնում է Ներսես Պողոսյանի պաշտպանությունը: Պապիկյանը հայտնեց, որ նիստին ներկայացել է որպես քաղաքացի, որովհետև դատարանից ծանուցում չի ստանում:
«Ուղղակի չի ծանուցում, և որքան գիտեմ ինձ վարույթից հեռացնելու որոշում դատարանը չունի: Հաշվի առնելով, թե ինչ է տեղի ունենում այս դատերին, ես չեմ զարմանում ոչնչից»,-ասաց Պապիկյանը:










