Իրանում սկսվել է Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը
Թեհրանում սկսվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը։ Արարողությունն անցկացվում է խորհրդարանում՝ տասնյակ երկրների պատվիրակությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ, հայտնում է irna.ir-ը։
Նշենք, որ Իրանի նախագահի երդման արարողությանը մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Ռոհանին առաջին անգամ Իրանի նախագահ էր ընտրվել 2013 թվականին։ 2017 թվականի մայիսի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ նա վերընտրվել է՝ հավաքելով 57 տոկոս ձայն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի մայրաքաղաքում անվտանգությունը կուժեղացվի, այն կապահովեն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի մարտիկները, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցները։
Օգոստոսի 5-ը Թեհրանում հայտարարվել է հանգստյան օր։










