Սաակաշվիլին ցուցադրել է իր ուկրաինական անձնագիրը, որով ճամփորդում է (տեսանյութ)

16:15 • 07.08.17

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ցույց է տվել ուկրաինական քաղաքացիության անձնագիրը, որով մուտք է գործել Լեհաստան: Սաակաշվիլին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայից տեսանյութը հրապարակել է Facebook-ի իր էջում, գրում է lenta.ru-ն:


«Ես Ամերիկայում գնացի օդանավակայան, նստեցի ինքնաթիռ, նրանք նայեցին իմ անձնագրին, ոչ մի խնդիր չկար: Չնայած (Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն) Ավակովը կանչել է ԱՄՆ-ի դեսպանին՝ նրան զգուշացնելու համար, որպեսզի նախազգուշացնի, որ ինձ դուրս չթողնեն այդ անձնագրով»,- բացատրել է քաղաքական գործիչը Եվրամայդանի աջակիցների հետ հանդիպմանը:


Սաակաշվիլին հավելել է, որ այնուհետև ժամանել է Լեհաստան, որտեղ նրան «նույնպես ժպտացել են, ասել՝ «Բարի գալուստ»: Նա ընդգծել է, որ հպարտանում է ուկրաինական անձնագրի առկայությամբ:


Սաակաշվիլին Վարշավայում լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ չի փորձելու անօրինական ճանապարհով վերադառնալ Ուկրաինա: Նա նշել է, որ ուսումնասիրում է օրենսդրությունը և կմեկնի Ուկրաինա, երբ պատրաստ կլինի:


Սաակաշվիլին նաև նշել է, որ Լեհաստանից պատրաստվում է մեկնել երկուշաբթի: Ընդ որում՝ նա չի նշել, թե ուր է ուղևորվելու, սակայն ասել է, որ ճանապարհորդելու է Եվրոպայով:


Հաղորդվում է, որ Վրաստանի գլխավոր դատախազ Նաթիյա Սոնգուլաշվիլին «Обозреватель» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սաակաշվիլիին սպառնում է չորս քրեական գործով 11 տարվա ազատազրկում:


Հուլիսի 26-ին Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Ինչպես նշել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, Վրաստանի նախկին նախագահը զրկվել է քաղաքացիությունից այն ստանալու ժամանակ կեղծ տվյալներ տրամադրելու պատճառով: Նա, մասնավորապես, նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում, սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում:

 

 

Սաակաշվիլին ցուցադրել է իր ուկրաինական անձնագիրը, որով ճամփորդում է (տեսանյութ)