Ռուսները սկսել են հրաժարվել Թուրքիայում հանգստից՝ Կոկսակի վիրուսի մասին լուրերի պատճառով
Ռուսաստանի բնակիչները սկսել են դիմել զբոսաշրջային գործակալություններին՝ խնդրելով չեղարկել իրենց ուղևորությունները դեպի Թուրքիա, ինչի պատճառը Կոկսակի վիրուսի մասին լուրերն են: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Գործակալությունները մերժում են, ընդ որում՝ օրինական հիմքերով, քանի որ համաճարակի պաշտոնական հաստատումներ չկան, այդ թվում՝ «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունից կամ «Ռոստուրիզմից»: Տվյալ դեպքում զբոսաշրջիկները պարտավոր են տուգանք մուծել ուղևորությունն իրենց նախաձեռնությամբ չեղարկելու համար», - ասել է Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան:
Նրա խոսքով՝ որքան մոտ լինի մեկնման ամսաթիվը, այնքան մեծ կլինի տուգանքի չափը:
Տյուրինան նաև նշել է, որ քաղաքացիները հետաքրքրվում են նաև հանգստի վայրը փոխելով, սակայն դրա համար պետք է սկզբից չեղարկել ուղևորությունը դեպի Թուրքիա և վճարել տուգանքը:
Կոկսակին էնտերովիրուս է, որի նկատմամբ խոցելի են մասնավորապես փոքր երեխաները: Այն փոխանցվում է ջրի, կոնտակտակենցաղային և օդակաթիլային ճանապարհով: Վիրուսը կարող է ախտահարել մարդու մի շարք օրգաններ և հյուսվածքներ:










