Միխեիլ Սաակաշվիլին մեկնել է Լեհաստանից

14:39 • 08.08.17

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հեռացել է Լեհաստանից: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Լեհաստանի սահմանապահ ծառայությունում չեն պատասխանել հարցին, թե որ երկիր է մեկնել Սաակաշվիլին և ինչ փաստաթուղթ է ներկայացրել սահմանը հատելիս:


«Սահմանապահ ծառայության մասին օրենքի համաձայն՝ սահմանային հսկողության մասին տվյալները կարող են տրամադրվել միայն լիազոր պետական մարմիններին»,- ասել է սահմանապահ ծառայության ներկայացուցիչը:


Ավելի վաղ Վրաստանը հարցում է ուղարկել Լեհաստանին՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալու համար:


Հուլիսի 26-ին Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Ինչպես նշել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, Վրաստանի նախկին նախագահը զրկվել է քաղաքացիությունից այն ստանալու ժամանակ կեղծ տվյալներ տրամադրելու պատճառով: Նա, մասնավորապես, նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում, սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում: