Մենք չենք ուզում ունենալ ո՛չ գծատերեր, ո՛չ էլ երթուղայիններ, որոնցում մարդիկ ստիպված են երթևեկել կռացած. Վահե Նիկոյան (տեսանյութ)

14:48 • 11.08.17

 

Մենք չենք ուզում ունենալ ո՛չ գծատերեր, ո՛չ էլ երթուղայիններ, որտեղ մարդիկ ստիպված են երթևեկել կռացած, չենք ցանկանում ունենալ կանգառներում երկար սպասող քաղաքացիներ, տրանսպորտային թանկ համակարգ: Այսօր Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության էլեկտրոնային հարթակի գործարկման ժամանակ նման հայտարարություն արեց Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:

Նրա խոսքով՝  իրենց հիմնական նպատակն այն է, որ լուծումներ առաջարկվեն ոչ միայն բոլորին ակնառու խնդիրների համար, այլև ձգտեն լուծել համակարգային խնդիրները:

«Խոսքս, մասնավորապես, վերաբերում է երթուղային ցանցի, կառավարման մեխանիզմների, տոմսային համակարգի հստակ մոդելների մշակմանը: Այս ուղղությամբ համապատասխան մասնագիտական խումբ է աշխատում՝ խորհրդատու կազմակերպության հետ միասին: Խոսելով ներկա փուլի մասին՝ նշեմ, որ խորհրդատու կազմակերպությունը՝ WTG-ն, արդեն իսկ աշխատանքային խմբին ներկայացրել է 4 հաշվետվություն, որոնցում մասնագիտական գնահատական է տրվել առկա իրավիճակին»,- ասաց նա:

Նիկոյանի խոսքով՝ WTG խորհրդատու կազմակերպությունն արդեն իսկ ներկայացրել է իր առաջարկությունները տրանսպորտային ամբողջ համակարգն օպտիմալացնելու մասին, ավտոբուսային ցանցի, սակագնի և այլնի վերաբերյալ: Քաղաքապետի տեղակալը շեշտեց, թե ներկայումս գործընթացները նախադեպը չունեցող են և մանրամասն ուսումնասիրության առիթ կա:

«Սխալվելու իրավունք չունենք, քանի որ հակառակ դեպքում կարող է կաթվածահար լինել ամբողջ տրանսպորտային համակարգը»,- շարունակեց Վահե Նիկոյանը:

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանն էլ տեղեկացրեց, որ  քաղաքացիներին տրանսպորտային համակարգի բարեփոխումներում ներգրավելու համար ստեղծվել է transport.yerevan.am հարթակը:

«Փորձել ենք այցելուների համար կայքը դարձնել հնարավորինս պարզ ու հեշտ կիրառելի: Կայքի բովանդակությունը հնարավորինս օպերատիվ թարմացվելու է, աշխատանքային թիմն էլ ապահովելու է կայքի անխափան աշխատանքը՝ գործընթացի բոլոր փուլերում: Պաշտոնական կայքում առկա է նաև տեղեկատվություն WTG  միջազգային խորհրդատվական ընկերության և վերջինիս կողմից տրամադրված զեկույցների մասին»,- ներկայացրեց Սարգիս Մանուկյանը:

Վերջինս հավելեց, որ սոցիալական ցանցերում ևս ստեղծվել են ակտիվ էջեր, որոնց միջոցով հանրությունը հնարավորություն կունենա ակտիվորեն ներգրավվել այս գործընթացում: 

 

ՀեղինակԱնի Օհանյան