Թողարկվել է «Ստալինի մահը» կատակերգական ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

14:40 • 11.08.17

Համացանցում հրապարակվել է ռեժիսոր Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» կատակերգական ֆիլմի թրեյլերը: Այս մասին հայտնում է The Playlist-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Հարի Փոթերի մասին ֆիլմերի շնորհիվ հայտնիություն ձեռք բերած բրիտանացի դերասան Ջեյսոն Այզեքսը (Լյուցիուս Մալֆոյի դերակատար) խաղացել է Գեորգի Ժուկովի, իսկ դերասան և հաղորդավար Մայքլ Փեյլինը՝ Վյաչեսլավ Մոլոտովի դերը:

Դրանից բացի, ֆիլմում նկարահանվել է ամերիկացի դերասան Սթիվ Բուշեմին՝ «կերպարանափոխվելով» Նիկիտա Խրուշչովի, իսկ Ջեֆրի Թեմբորը կատարել է Գեորգի Մալենկովի դերը:

Հայտնի է, որ ֆիլմը հիմնված է Ֆաբիեն Նուրիի և Թյերի Ռոբենի ֆրանսիական կոմիքսի վրա: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1953 թվականի քաղաքական պայքարի օրերին՝ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի մահից հետո:

Նշվում է, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ:

 

 

Թողարկվել է «Ստալինի մահը» կատակերգական ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)