Կա կասկածյալ. Վայոց ձորի հրդեհի փաստով քրեական գործ է հարուցվել
Tert.am-ի տեղեկություններով Վայոց ձորի մարզում բռնկված հրդեհի փաստով կա կասկածյալ և հարուցվել է քրեական գործ:
Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանությունից հաստատեցին կասկածյալի մասին տեղեկությունը.«Կա կասկածյալ, հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»:
ՀՀ քննչական կոմիտեից էլ Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
«Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով»,- հայտնեցին Քննչական կոմիտեից:
Նշենք, որ 186-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
297-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ անտառներ, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում, և եթե այդ գործողությունները խոշոր վնաս են պատճառել: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ հրդեհաշիջման աշխատանքները դեռևս շարունակվում են, հրդեհվող տարածքը չի մեծացել՝ 400-500 հեկտարից:










