Հս. Կորեայի իշխանությունները Փհենյան են կանչել առանցքային դեսպաններին

10:08 • 14.08.17

Հյուսիսային Կորեայի առանցքային դեսպանները համատեղ խորհրդակցության են կանչվել Փհենյան, ինչն արվել է  վերջին շրջանում երկրի նկատմամբ միջազգային ճնշման ավելացման ֆոնին:

«Ներկայում Հյուսիսային Կորեան Փհենյան է կանչել հիմնական պետություններում նշանակված դեսպաններին: Ենթադրաբար, դա արվել է դիվանագիտական կազմի մասնակցությամբ խորհրդակցություն անցկացնելու համար»,-մեջբերում է gazeta.ru-ն՝ Հարավային Կորեայի կառավարական աղբյուրին հղումով:

Հայտնի է, որ Փհենյան վերադարձած դիվանագետների թվում են Չինաստանում, Ռուսաստանում և ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպանները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավիղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը:

Հարվածները կարող են հասցվել՝ այդ թվում նաև ԱՄՆ ռազմական օդուժի «Անդերսոն» բազային, որտեղ գտնվում են «Հյուսիսային Կորեայի նյարդերի վրա ազդող» ռազմավարական ռմբակոծիչները:

Ուսումնասիրվող ծրագիրը շուտով կներկայացվի երկրի ղեկավար Կիմ Չեն Ընին, իսկ հետո այն կարող է ցանկացած պահի «պրակտիկորեն կիրառվել, եթե Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Կիմ Չենը Ընը որոշում կայացնի»:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում իրավիճակը Կորեական թերակղզու շուրջ շարունակում է խիստ լարված մնալ: Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է, որ «Փհենյանի նկատմամբ ռազմավարական համբերության ժամանակաշրջանն արդեն ավարտված է» և որ միջուկային ծրագիրն ակտիվ զարգացնող Հս. Կորեայի դեմ, հնարավոր է, ռազմական ուժ կիրառվի: Մինչդեռ պաշտոնական Փհենյանը սպառնում է ջախջախիչ հարված հասցնել ԱՄՆ-ին: