Հարցն ակտիվ քննարկման փուլում է. Հովհաննես Ազիզյանը՝ ԵԱՏՄ-ում ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մասին

21:04 • 16.08.17

Վերջին երկու օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ կողմից տրամադրված վարորդական իրավունքի վկայականով ՌԴ-ում տրանսպորտային միջոց շահագործելու միջոցով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու արգելքի հետ կապված խնդիրը լուծվել է: Մասնավորապես, թե խնդիրը լուծվել է օրերս Աստանայում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում: Սակայն միաժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանն այսօր Tert.am–ի հետ զրույցում հայտնել է, թե ԵԱՏՄ անդամ երկրների ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչմանն առնչվող խնդրի, մասնավորապես ՌԴ-ում հայ վարորդների վարորդական իրավունքների ճանաչման հարցը դեռ չի լուծվել, բայց շարունակում է մնալ օրակարգում:

Հասկանալու համար արդյոք այս հարցում կա՞ լուծում, և արդյոք այդ լուծումը երկկողմ պայմանավորվածության արդյունք է, թե ԵԱՏՄ շրջանակներում ընդունված որոշում՝ Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանից:  

Փոխնախարարի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության հարթակում ՀՀ կողմից տրամադրված վարորդական իրավունքի վկայականով ՌԴ-ում տրանսպորտային միջոց շահագործելու միջոցով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու արգելքի հարցը քննարկվել է դեռևս 2017թ հուլիսի 13-ին Մոսկվայում կայացած ԵԱՏՄ խորհրդի նիստի ժամանակ,երբ այն պաշտոնապես որակվել է որպես ԵԱՏՄ ներքին շուկայի սահմանափակում:

«Արդեն օգոստոսի 14-ի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ կողմից սահմանափակման վերացման վերաբերյալ բարձրացրած հարցի վերաբերյալ ընդունվեց որոշում, որով հանձնարարվեց ՌԴ և Հայաստանի Հանրապետության կառավարություններին շտապ անցկացնել կոնսուլտացիաներ այդ երկրների պատկան մարմինների կողմից տրված ազգային կամ միջազգային վարորդական իրավունքների փոխճանաչման հարցի վերաբերյալ: Միջկառավարական խորհուրդը նաև հանձնարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովին անդամ երկրների հետ միասին քննարկել ԵԱՏՄ շրջանակներում վարորդների պրոֆեսիոնալ պատրաստման, որակական հմտությունների հավաստման և ճանապարհային երթևեկության այլ հարցերի վերաբերյալ համալիր համաձայնագրի մշակման հարցը»,- նշեց փոխնախարարը՝ տեղեկացնելով, որ հարցը գտնվում է ակտիվ քննարկման փուլում, արդեն այս շաբաթ սկսվում են միջգերատեսչական մակարդակով քննարկումները: