Տավուշի մարզում այրված մեքենայի մեջ հայտնաբերված մոխրացած 32-ամյա տղամարդը պայմանագրային զինծառայող էր
Oգոստոսի 17-ին Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենայում հայտնաբերվել էր մոխրացած դի: Տղամարդու ինքնությունը պարզվել է, նա պայմանագրային զինծառայող է:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ներքին Կարմիրաղբյուրի համայնքապետարանից.
«Վ. Գ-ն պայմանագրային զինծառայող էր: Նա բանակից հետո այլևս տուն չէր վերադարձել: Գնացել է բանակ և անցել ծառայության»:
Համայնքապետարանի աշխատակիցը հայտնեց, որ Վ.Գ.-ն ամուսնացած էր, մեկ անչափահաս երեխա ունի. «32 տարեկան էր, ընտանիք ունի, քույր եղբայր էլ ունի: Զինծառայողների ընտանիք է, եղբայրը նույնպես պայմանագրային զինծառայող է»:
Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 17-ին՝ ժամը 17:00-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի:










