Բարսելոնայի ահաբեկչությունից վիրավորների թիվը հասել է 80-ի. կա 13 զոհ. կասկածյալներից մեկը սպանվել է, մյուսի ինքնությունը հաստատված է (լուսանկարներ, տեսանյութ)
23:22
Բարսելոնայի հիվանդանոցում 80 մարդ է բուժօգնություն ստանում օգոստոսի 17-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Այս մասին հայտնել է Կատալոնիայի տարածքային կառավարության ղեկավար Կառլես Պուինգդեմենտը: Նրա խոսքով՝ վիրավորներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
CNN-ի հաղորդմամբ Facebook սոցիալական ցանցն ակտիվացրել է անվտանգության ստուգման ծառայությունը, որը հնարավորություն է տալիս Բարսելոնայում գտնվողներին տեղեկացնել իրենց անվտանգության մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի և 60 վիրավորի մասին:
22:59
Կատալոնիայի ոստիկանությունը հաղորդել է բանակցություններ չի վարում ահաբեկիչների հետո, ովքեր նախորդ հաղորդման համաձայն թաքնվել էին ռեստորանում:
«Ոչ ոք չի թաքնվել Բարսելոնայի ռեստորանում: Մենք մի տղամարդու ենք ձերբակալել, կատարվածը որակվել է որպես ահաբեկչություն», Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ասվում է ոստիկանության թվիթերյան էջում:
Ինչպես հաղորդում է El Periodico պարբերականը, երկու կասկածյալներից մեկը սպանվել է փոխհրաձգության ժամանակ:
Վերջին տվյալների համաձայն Լա Ռամբլա փողոցում իրականացված վրաերթի զոհերի թիվը կազմում է 13, իսկ վիրավորներինը գերազանցել է 60-ը:
21:49
Բարսելոնայում մարդկանց բազմության մեջ փիքափի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Դեպքի հետևանքով վիրավորների թիվը 56 է:
21:27
Իսպանական լրատվամիջոցները հրապարակել են Բարսելոնայի ենթադրյալ ահաբեկչի լուսանկարը:
Ոստիկանությունը հաղորդում է, որ նա 1.70 սմ հասակով տղամարդ է: Նրա հագին սպիտակ վերնաշապիկ է եղել: Հավանաբար, նա Կատալոնիայի հրապարակի մոտակա Լա Ռամբլա փողոցում վրաերթ իրականացրած վարորդն է:
Լա Ռամբլա փողոցը համարվում է Բարսելոնայի զբոսաշրջային հատվածի սիրտը, որտեղ բազմաթիվ այցելուներ են զբոսնում: Միջադեպից հետո, որին տասնյակից ավելի մարդիկ են զոհ գնացել և շուրջ 32 վիրավոր կա այս պահի դրությամբ, փակվել են մետրոյի կայարանն ու խանութները:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտնել է, որ կապ է պահում ոստիկանների հետ և մտադիր են այցելել վիրավորներին:
21:07
Բարսելոնայի ոստիկանությունը Լա Ռամբլա փողոցում տեղի ունեցած վրաերթը որակել է որպես ահաբեկչություն: El Periodico-ի հաղորդմամբ՝ ոստիկանները փնտրում են երկրորդ ֆուրգոնը, որը կարող է կապ ունենալ միջադեպի հետ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հանցագործները կարող էին երկրորդ մեքենան վարձել փախուստի դիմելու համար:
Ոստիկանությունը երկու մարդու է որոնում, որոնք միջադեպից անմիջապես հետո թաքնվել էին «Լա Բոկերիա» շուկայի մոտակայքում գտնվող «Ստամբուլի բույրեր» թուրքական ռեստորանում:
21:02
Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի:
Ինչպես հաղորդում է իսպանական El Periodico-ն, պաշտոնական աղբյուրի տեղեկացմամբ՝ միկրոավտոբուսով վրաերթ իրականացրած վարորդը մուսուլման է:
Վերջինս կարող է թաքնված լինել մոտակա ռեստորանում, որտեղ, հավանաբար, պատանդներ է վերցրել: Ոստիկանները շրջապատել են դեպքի վայրը:
20:53
Առնվազն 13 մարդ զոհվել է Բարսելոնայի կենտրոնական Լա Ռամբլա փողոցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով, երբ սպիտակ գույնի մինիվենի վարորդը վրաերթի է ենթարկել հավաքված մարդկանց:
Ինչպես հաղորդում է El Periódico պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրներին, վիրավորների թիվը հասնում է 20-ի: Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 15:00-ին (17:00՝ երևանյան) մարդաշատ փողոցում, որը նախատեսված է հետիոտնի համար:
Հաղորդվում է, որ վարորդը լքել է մեքենան և ոտքով հեռացել ենթադրյալ հանցակցի հետ, որը թաքնվելիս է եղել «Ստամբուլի բույրեր» կոչվող թուրքական ռեստորանում, որը տեղակայված է «Լա Բոկերիա» հայտնի շուկայում:
20:30
Բարսելոնայի սրտում՝ Ռամբլա կենտրոնական հետիոտն փողոցում, մինիվեն տեսակի մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց ամբոխին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով 24 Horas իսպանական հեռուստաալիքը, ոստիկանությունը հաստատել է միջադեպի փաստը: Կատարվածի հետևանքով տուժածներ կան: Փակվել են հայտնի զբոսաշրջային կենտրոնի մոտակա մետրոյի կայարանն ու խանութները:
Իշխանությունները խորհուրդ են տալիս մարդկանց չմոտենալ դեպքի վայրին, որտեղ գտնվում են «շտապ օգնության» մեքենաները: Բժիշկներն օգնություն են ցուցաբերում տուժածներին:
Իսպանական աղբյուրի հաղորդմամբ՝ այդ շրջանում բազմաթիվ զբոսաշրջիկներ են եղել:
















