Ոստիկանությունը պարզել է Բարսելոնայում ահաբեկչություն գործած վարորդի ինքնությունը
Կատալոնիայի ոստիկանությունը պարզել է վարորդի ինքնությունը, ով Բարսելոնայի կենտրոնում արագության տակ մխրճվել էր հետիոտների մեջ, ինչի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել: Այդ մասին իրավապահները հայտնել են Twitter-ի պաշտոնական էջում, հայտնում է BBC-ն:
«Պարզվել է Բարսելոնայում հարձակում իրականացրած ֆուրգոնի վարորդի ինքնությունը»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Ոստիկանությունը, սակայն, չի նշել վարորդի անունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ անցորդներին վրաերթի է ենթարկվել ենթադրաբար 22-ամյա մարոկկացի Յունես Աբույաքուբը:
Միևնույն ժամանակ, Կատալոնիայի ներքին գործերի նախարար Խոակիմ Ֆորնը հայտնել է տեղի ռադիոկայաններից մեկին, որ «ամեն ինչ վկայում է այն մասին, որ վարորդը Յունես Աբույաքուբն է եղել»:
Նա 12 անդամից բաղկացած իսլամիստական ծայրահեղական խմբի վերջին անդամն էր, ում գտնվելու վայրը ոստիկանությանը դեռ չի հաջողվել պարզել:
Իշխանությունների հաղորդմամբ՝ չի բացառվում, որ նա անցել է Ֆրանսիայի սահմանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, օգոստոսի 17-ին ֆուրգոնը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք և վնասվածքներ հասցնելով 100-ից ավելի մարդու:
Ահաբեկչության պահին հազարավոր մարդիկ զբոսնել են ծառաշատ մայթերով փողոցով, երբ վարձակալված ֆուրգոնը մխրճվել է ամբոխի մեջ: Խուճապահար զբոսաշրջիկները շտապել են պատսպարվել հուշանվերներ վաճառող մոտակա խանութներում, ռեստորաններում ու եկեղեցիներում, մյուսներն էլ չկողմնորոշվելով՝ պարզապես վազել են փողոցով:
Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել նաև երկրորդ ահաբեկչական հարձակումը 120 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Կամբրիլս քաղաքում: Մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց, հաղորդվել է 1 զոհի և մի քանի վիրավորի մասին: Ոստիկանները սպանել են հինգ հարձակվողներին, որոնցից մի քանիսը կեղծ պայթուցիկ գոտիներ են կրել:
Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել և առնվազն մեկ մարդ վիրավորվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ տարածքում պայթուցիկներ էին պատրաստվում:











