Նաիրիտցիները «նախազգուշական» նստացույց են իրականացրել

14:21 • 24.08.17

Կառավարության շենքի առջև այսօր «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները «նախազգուշական» նստացույց են իրականացրել՝ պահանջելով կառավարությունից տրամադրել տեղեկատվություն, թե ինչու մինչև հիմա գործարանում ներդրումներ անելու ցանկություն հայտնած «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգին կառավարությունը աուդիտ անցկացնելու թույլտվություն չի տվել:

«Կառավարությունից մեզ այդպես էլ չպատասխանեցին, գործընթացի մասին տեղեկատվություն կարողանում ենք ստանալ միայն հոլդինգի ներկայացուցիչներից: Ընկերությունից կառավարությունը մի քանի տարվա գործունեության ֆինանսական հաշվետվություն էր ուզել, որը ներկայացվել է, բայց կրկին պատասխան չկա»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց գործարանի աշխատակիցների ցույցերը համակարգող Կարինե Շահվերդյանը:

Նա շեշտեց, որ եթե մինչև մյուս շաբաթ պատասխան չտրվի, անժամկետ նստացույց են հայտարարելու:

«Այսքան տարիների պայքարը արդյունք չի տալիս, գործարանի վերագործարկման ուղղությամբ իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում: Այդքան վարչապետ փոխվեց, բայց ոչ ոք գործարկման համար չմտածեց: Կարծես թե շահագրգռված են, որ Նաիրիտը չվերագործարկվի»,-ընդգծեց նա:

Նշեք, որ կառավարությունից դեռ «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հետ բանակցություններից տեղեկատվություն չեն տրամադրում: