«Հարվի» փոթորկի պատճառով ԱՄՆ-ում հազարավոր բնակիչներ գիշերն անցկացրել են կոնֆերանս-կենտրոնում (լուսանկարներ)
«Հարվի» փոթորկի հետևանքով ԱՄՆ-ում տեղացել են ռեկորդային քանակությամբ անձրևներ, ինչի պատճառով Հյուսթոն քաղաքում աղետալի իրավիճակ է ստեղծվել, գրում է The Daily Mail-ը:
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Էլեն Դյուքի խոսքով՝ այժմ մոտ 20.000 մարդ գտնվում է ապաստարաններում:
Հյուսթոնի տարհանված բնակիչներից շատերը՝ 10.000 մարդ, գտնվում են քաղաքի Ջորջ Բրաունի անվան համաժողովների կենտրոնում։ Այս կենտրոնը կարող է ընդունել մինչև 5000 մարդ, բայց երկուշաբթի գիշերը կենտրոնում մնացել է 9.021 մարդ, որոնք քնել են աթոռների վրա և հատակին՝ մահճակալների պակասի պատճառով:
«Հարվի» փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղի ջրերը Հյուսթոնի բնակիչների համար քրոնիկ հիվանդությունների և վարակների վտանգ են ներկայացնում: Ջրհեղեղի բերած ջրերը խառնվել են կեղտաջրերին և քիմիական նյութերի և հոսում են փողոցներով ու տներով:
Առողջապահության և սոցիալական ծառայությունների հարցերով նախարար Թոմ Փրայսը կիրակի առողջապահական վտանգի հետ կապված արտակարգ դրություն է հայտարարել Տեխաս նահանգում:
Ամերիկյան Տեխաս նահանգին պատուհասած «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է առնվազն 30-ի։ Հյուսթոն քաղաքի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել ջրհեղեղի հետ կապված, այն կգործի այնքան, մինչև դրա կարիքն այլևս չլինի, նշել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները:
«Հարվին» դարձել է ԱՄՆ տարածքում վերջին 12 տարվա ընթացքում ամենահզոր փոթորիկը՝ 2005 թվականին գրանցված «Կատրին» փոթորկից հետո: «Հարվիի» հզորությունը 5-բալանոց համակարգով չորս բալ է կազմել:































