Մեկնարկել է «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը (տեսանյութ)
Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ, մեկնարկել է «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը՝ «Անվտանգ Հայաստան» խորագրով, որտեղ բացման խոսքով հանդես եկավ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: Նա նշեց, որ ցուցահանդեսը համահունչ է աղետների ռիսկի կառավարման ներկա զարգացումներին:
«Աղետների ռիսկի կառավարման ազգային մակարդակում մենք սահմանել ենք նպատակներ և խնդիրներ, որոնք արտացոլված են կառավարության ծրագրում, որոշումներում: Ակնկալում ենք, որ ցուցահանդեսը մեծապես կնպաստի աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համընդհանուր ջանքերով իրականացմանը` խթանելով պետություն-մասնավոր սեկտոր, պետություն-հասարակական կազմակերպություններ, պետություն-ապահովագրական ընկերություններ կապի ամրապնդման և համագործակցության ընդլայնմանը` միաժամանակ ապահովելով ներդրումներ` աղետների ռիսկի նվազեցման նպատակով»,-ասաց նա:
Դավիթ Տոնոյանն ասաց, որ ցուցահանդեսի նպատակների թվում է նաև Հայաստանի փրկարարական ծառայության արդիականացման և տեխնիկական վերազինման հարցերում օժանդակությունը:
Նշենք, որ «ArmSecurity-2017» բարձր տեխնոլոգիաների միջազգային առաջին ցուցահանդեսի բացմանը ներկա էին աշխարհի շուրջ 20 երկրի պաշտոնական պատվիրակություններ, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության անդամներ և այլ պետական մարմինների ղեկավարներ:
Միջոցառումը կազմակերպվում է որպես համաժողով-ցուցահանդեսային համալիր՝ նպատակ ունենալով ցուցադրել բարձր տեխնոլոգիական, նորարարական լուծումներ, որոնք նպաստում են ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների տեխնիկական վերազինմանը, հասարակական և քաղաքացիական անվտանգության հետ կապված խնդիրների լուծմանը, ինչպես նաև՝ հայկական և արտասահմանյան ձեռնարկությունների միջև գործնական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:
Ցուցահանդեսին ներկայացվեցին աղետների ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների չեզոքացման, փրկարարական գործողությունների իրականացման, արտակարգ իրավիճակների մոնիթորինգի համար նախատեսված նորարարական բարձր տեխնոլոգիական միջոցներն ու սարքավորումները:
Միջոցառման գործնական ծրագրի շրջանակներում կանցկացվեն երկօրյա գիտաժողովներ` նվիրված արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման, հրդեհային անվտանգության ապահովման, աղետների մարտահրավերների դեմ պատրաստվածության թեմաներին: Նախատեսված են նաև քննարկումներ ՀՀ ԱԻ նախարարության ու կիբերանվտանգության ոլորտի ներկայացուցիչների, ապահովագրական ընկերությունների և արտադրական վտանգավոր օբյեկտների միջև` նվիրված արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների արդյունավետ պաշտպանության համակարգի ստեղծման խնդիրներին, առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրության անհրաժեշտությանը և այլ թեմաների: Ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 2-4-ը:
Նշենք, որ ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով լրագրողների հարցին չցանկացավ պատասխանել :
















