Մեծ Բրիտանիան՝ Ադրբեջանի փողերի լվացման և միջազգային լոբինգի 3 մլրդ դոլար արժողությամբ գաղտնի ծրագրի կենտրոնում. The Guardian
Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ նշանավոր եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվանալու համար: Ինչպես փոխանցում է The Guardian-ը, այս մասին պարզ է դարձել պարբերականի վարած հետաքննության արդյունքում:
«Բացահայտված տվյալները ցույց են տալիս, որ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, պարբերական կոռուպցիոն գործարքների և ընտրությունները կեղծելու մեջ մեղադրվող ադրբեջանական ղեկավարությունը ավելի քան 16 000 գաղտնի վճարում է կատարել 2012-2014 թվականներին», - գրում է բրիտանական պարբերականը:
Ինչպես պարզվել է, այդ գումարի մի մասն ուղղվել է քաղաքական գործիչներին և լրագրողներին՝ որպես միջազգային լոբինգի մի մաս, որն ուղղված է եղել երկրի նախագահ Իլհամ Ալիևի դեմ հնչող քննադատությունները դադարեցնելուն:
«Անկասկած, գումար ստացողները տեղյակ են եղել, թե որտեղից է գալիս այն: Գումարը տեղ է հասել քողարկված երթուղով:
Այս բացահայտումները ևս մեկ անգամ ընդգծում են Բրիտանիայի կորպորատիվ հատվածի անկառավարելի համակարգը»,- հայտնում է պարբերականը՝ ընդգծելով, որ 7 մլն ֆունտ է ծախսվել Բրիտանիայում շքեղ ապրանքների և մասնավոր դպրոցների վարձավճարների համար:
Դրամական միջոցները, որոնք ներդրվել են Ադրբեջանի և Ռուսաստանի անթափանց վճարային համակարգերի միջոցով, ուղևորվել են բրիտանական ընկերություններ: Եվրոպայի առաջատար բանկերից մեկը՝ Danske-ն, վճարումներ է կատարել Էստոնիայում իր մասնաճյուղի միջոցով:
Պարբերականի հաղորդմամբ՝ անկանոն վճարումների մասին հայտնել են հենց բանկից, որտեղ դրանք նկատել են 2014-ին: Էստոնիայի ֆինանսական համակարգող կառույցը նշել է, որ փողերի լվացումը կանխող համակարգը խափանվել է:
Ինչպես աղբյուրն է ընդգծում, այս գաղտնի ծրագիրն ստացել է «Ադրբեջանական լվացքատուն» անունը: Գաղտնի բանկային արձանագրությունները փոխանցվել են դանիական Berlingske թերթին, Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի մասին հաշվետվության նախագծին, Guardian պարբերականին և մեդիա դաշտի այլ ներկայացուցիչներին:









