Բյուրականի անտառում ՊՆ ուղղաթիռով իրականացվել է օդային հետախուզություն, հրդեհի առավել վտանգավոր տեղամասեր են իջեցվել փրկարար-դեսանտայիններ (տեսանյութ)

23:51 • 04.09.17

10.00 

ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար: 

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվել են հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները: 

Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր են իջեցվել փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր է դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:




23.51

Բյուրական գյուղին հարակից սարում դեռ կիրակի օրվանից բռնկված հրդեհը մարելու շուրջ աշխատանքները շարունակվում են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻ նախարարությունից, այս պահին դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, որոնց մասնակցում է 133 հրշեջ-փրկարար, 15 միավոր և հրշեջ-փրկարարական տեխնիկա:

Ժամը 22:30-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չկան. կան պասիվ ծխացող օջախներ: Այրված մակերեսը կազմում է 80 հա:

Ժամը 17:00-ի դրությամբ հրդեհի վայրում առկա է հրդեհի 3 օջախ: Տեղում գործում է հրդեհաշիջման շտաբ, ներգրավված է 4 օպերատիվ խումբ և 8 մարտական հաշվարկ:

Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից դեպքի վայր են մեկնել նոր ուժեր:

Նշենք, որ հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում: Հրդեհի վայրում առկա է քամի, որը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին: 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 136 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 54 զինծառայող, անտառտնտեսության 30, ոստիկանության 25, քաղաքապետարանից 20 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ»,- հայտնում են նախարարությունից: