Մեքսիկայի ափերի մոտ 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի վտանգ

09:35 • 08.09.17

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրել Մեքսիկայի ափերի մոտ՝ մանրամասնելով, որ ստորգետնյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է 33 կմ խորության վրա:

Ինչպես նշում է ria.ru-ն, երկրաշարժը գրանցվել է Տրես Պիկոս բնակավայրից 119 կմ դեպի հարավ-արևմուտք: Զոհերի կամ փլուզումների մասին տեղեկություն դեռևս չկա:

Բացի այդ, Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտարարել է հզոր երկրաշարժից հետո ավերիչ ալիքների առաջացման վտանգի մասին:

«Հիմնվելով նախնական տվյալների վրա՝ վտանգավոր ցունամիի առաջացման հավանականություն կա»,-ասվում է  կենտրոնի տարածած հայտարարությունում:

Սեյսմոլոգների կարծիքով՝ 3 ժամվա ընթացքում ցունամիներ կարող են առաջանալ Մեքսիկայի, Գվատեմալայի, Սալվադորի, Կոստա Ռիկայի, Նիկարագուայի, Պանամայի, Հոնդուրասի ու Էկվադորի ափերի մոտ: