Սաակաշվիլին ոտքով հատել է անցակետը և մուտք գործել Ուկրաինա (տեսանյութ)
21.55
Վրաստանի նախկին նախագահ և ուկրաինական Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ոտքով հատել է լեհ-ուկրաինական սահմանային անցակետը և մուտք գործել Ուկրաինա։
Այս մասին հայտնում է unian.net կայքը։
Նշենք, որ ուկրաինական քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է սեպտեմբերի 10-ին վերադառնալ Ուկրաինա:
21.00
Վրաստանի նախկին նախագահ և ուկրաինական Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ լեհական կողմն իրեն թույլ է տվել Ուկրաինայի սահմանը հատել «Մեդիկա» անցակետով և նախազգուշացրել է, որ ուկրաինական կողմում կարող է խնդիրներ ունենալ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Սաակաշվիլին Լեհաստանի և Ուկրաինայի սահմանի մոտ հասել է ավտոբուսով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի իշխանությունները թույլ չեն տալիս Լեհաստանից ժամանող գնացքի մուտքը, որում գտնվում էր նաև Սաակաշվիլին:
Ուկրաինական քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է սեպտեմբերի 10-ին վերադառնալ Ուկրաինա:
«Լեհական կողմը հանգիստ թույլ է տվել մեզ անցնել՝ բնականաբար զգուշացնելով, որ կարող ենք խնդիրներ ունենալ ուկրաինական կողմում: Մեզ հետ շատ քաղաքակիրթ են վարվել», - նշել է Սաակաշվիլին:
Նա հայտարարել է, որ շարունակելու է սահմանը անցնելու փորձերը նույն անցակետում: Նա նշել է, որ չի գնացել Կրակովեց անցակետ, ինչպես նախատեսում էր սկզբում, քանի որ այնտեղ սադրիչներ են գտնվում:
Հիշեցնենք, որ Լեհաստանի և Ուկրաինայի սահմանի վրա բախում է տեղի ունեցել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների և հակառակ ճամբարի ակտիվիստների միջև։
Հիշեցնենք նաև, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ նա ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել այն ստանալիս:










