Վերնիսաժի կրակոցներից վիրավորված քրեական հեղինակություն Ալավերդու Վահագնի նկատմամբ 2015-ին մահափորձ է արվել. մանրամասներ
Այսօր Վերնիսաժում կրակոցների հետևանքով վիրավորվածը Ալավերդիում քրեական հեղինակություն, 1978 թվականին ծնված Վահագն Աբգարյանն է, ով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնի ընդունարանից Tert.am-ին հայտնեցին, որ Վահագն Աբգարյանը տեղափոխվել է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք»: «Աստղիկ» բժշկական կենտրոնից Վահագն Աբգարյանի առողջական վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեցին:
Նշենք, որ դեռևս 2015 թվականին Վահագն Աբգարյանի նկատմամբ մահափորձ է արվել, գործը դատարանում է:
2015 թվականի հոկտեմբերի 11-ին Ախթալայի կամրջի վրա ավտոմատից կրակոցներ էր արձակվել Վահագն Աբգարյանի զրահապատ ավտոմեքենայի ուղղությամբ:
Այդ առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեն դեպքից հետո հաղորդագրություն էր տարածել, որ ըստ նախնական քննության տվյալների՝ Լոռու մարզի բնակիչ Անտոնյանն իր ծանոթի հետ, վերջինիս ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում տեսել է նույն մարզի բնակիչ Վ. Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի և նրա ընկերոջ` Ա. Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաները, հետապնդել է նրանց, ապա իր մոտ եղած ինքնաձիգից հանդիպակաց ուղղությունից բազմաթիվ կրակոցներ է արձակել ընթացքի մեջ գտնվող նշված երկու ավտոմեքենաների վրա։ Սակայն հանցագործությունն ավարտին չի հասել, քանի որ «Համեր»-ը եղել է զրահապատ, իսկ «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենան թաքնվել է «Համեր»-ի հետնամասում»։
Դատալեքս տեղեկատվական համակարգից Tert.am-ը տեղեկացավ, որ Վարդան Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել Վահագն Աբգարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:
Վարդան Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի հոկտեմբերի 11-ին, ապօրինի կերպով ձեռք բերած, պահած, կրած և փոխադրած ինքնաձիգով փորձել է դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել Վահագն Աբգարյանին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ:
Անտոնյանը նախկինում դատապարտված է: Նա այժմ կալանավորված է, դատավարությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ այսօր Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչել: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ Վերնիսաժում կրակոցների հետևանքով կա մեկ զոհ, մեկ վիրավոր, ինքնությունները պարզվել է. «Ոստիկանության ծառայողները պարզել են սպանվածի ինքնությունը։ Նա 1974 թվականին ծնված Գ.Մ-ն է, ով Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ էր: Վիրավորը Լոռու մարզի 1978 թվականին ծնված քաղաքացի է»։










