ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 6.000 եվրո վճարել «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 6.000 եվրո վճարել հայցվորին: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը:
Հայաստանի Հանրապետության դեմ բողոքը ներկայացրել էր Հայաստանի քաղաքացի Ալիկ Մաթևոսյանը՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա՝ 2009 թվականի սեպտեմբերի 24-ին:
Հայցվորը ՄԻԵԴ-ում մասնավորապես բողոքել է, որ իշխանություններն արդյունավետ հետաքննություն չեն իրականացրել Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին պնդումների առնչությամբ:
Նշվում է, որ 1987 թվականին ծնված հայցվորը եղել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, երբ հայց է ներկայացրել դատարան: Ինչպես հայտնի է դառնում գործից, հայցվորը զորակոչվել է հայկական բանակ և ծառայելիս է եղել Սյունիքի մարզում, երբ 2006 թվականի ապրիլի 29-ին զորամասի մոտակայքում գտնվող անտառում հայտնաբերվել է ծառայակցի՝ Ա. Հ.-ի մարմինը՝ ծառից կախված, ձեռքերը կապված մետաղալարով: Նույն օրը նրա մահվան առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Գործի փաստաթղթերի համաձայն՝ հայցվորը հարցաքննվել է Կապանում քրեական գործի առնչությամբ: Նույն օրը նա և մեկ այլ ծառայակից՝ Ռ. Հ.-ն, ենթարկվել են տասնօրյա կալանքի տեսքով կարգապահական պատժի ավելի վաղ Ա. Հ.-ին ծեծի ենթարկելու կապակցությամբ, այնուհետև տեղափոխվել են Երևան՝ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության բաժին, որտեղ նույնպես հարցաքննվել են:
Նշվում է, որ հարցաքննության ժամանակ՝ 2006 թվականի մայիսի 7-ին, Ռ. Հ.-ն խոստովանել է, որ նա և հայցվորը սպանել են Ա. Հ.-ին: Մայիսի 20-ին հայցվորը մեղադրվել է զինվորական կարգապահական կանոնների լուրջ խախտման և սպանության համար: Հայցվորը վիճարկել է փաստերը և պնդել, որ իրականում Ռազմական ոստիկանությունում գտնվելու ամբողջ ընթացքում նա ենթարկվել է դաժան ծեծի և խոշտանգումների ոստիկանության աշխատակիցների կողմից, ծեծի է ենթարկվել նաև Ռ.Հ.-ն և մեկ այլ ծառայող, Ռ.Հ.-ն չկարողանալով դիմանալ ծեծին, խոստովանական ցուցմունք է տվել:
Չնայած հայցվորի բողոքներին և պնդումներին ոստիկանության աշխատակիցների կողմից հարցաքննության ժամանակ խոշտանգումների ենթարկվելու մասին՝ 2008 թվականի նոյեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը Զինվորական դատախազության բողոքի հիման վրա վերանայել է գործը և հայցվորի մեղքը փոխել է ծանր հանգամանքներում սպանության՝ պատիժը հասցնելով 15 տարվա ազատազրկման:
Եվրոպական դատարանը վճռել է, որ իշխանությունները պատշաճ հետաքննություն չեն իրականացրել Ալիկ Մաթևոսյանի պնդումների առնչությամբ: Իշխանությունները տեղյակ են եղել հայցվորի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին գլխավոր դատախազություն նրա բողոքի շնորհիվ, որը պարունակել է անհրաժեշտ բոլոր մանրամասները: Դատարանը նշել է, որ իշխանությունները պարտավոր էին արդյունավետ հետաքննություն անցկացնել հայցվորի պնդումների առնչությամբ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 6 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:










