Դուրս եկա սենյակից, հիվանդներն ասացին՝ չգիտե՞ք, որ պետք է անձնագրով ներկայանաք, մեջն էլ՝ գումար. հաշմանդամության կարգից զրկված քաղաքացի (տեսանյութ)
Վեդի քաղաքից Հրանտ Բադալյանը, ով տառապում է Բեխչետի անբուժելի հիվանդությամբ, զրկվել է երկրորդ խմբի հաշմանդամության կարգից:
«Երկու տարի հաշմանդամության կարգ եմ ունեցել, նաև լրացուցիչ ուղարկել են Երևան՝ կենտրոնական հանձնաժողովում հետազոտություն անցնելու: Հանձնաժողովում ասացին՝ փաստացի մարդը հիվանդ է, մենք չենք կարող բուժումից շեղումներ անել, նա պետք է կարգ ունենա: Իսկ այդ նույն հանձնաժողովն այս տարի ինձ կտրեց»,- պատմեց Հրանտ Բադալյանը:
Նրա խոսքով՝ մասնագետներն անգամ առաջարկել են մի քանի օր դեղեր չխմել՝ տեսնելու՝ իր վիճակը փոխվել է, թե ոչ:
«Ասացին, եթե տեսնենք լավ ես, քեզ կարգ չտանք, ես էլ ասի՝ կարո՞ղ է փորձադաշտ եմ ձեզ համար: Իմ հիվանդությունն անբուժելի է, իսկ նրանք ապացուցում են, որ դու բուժված ես: Աստված տա՝ լավացած լինեմ, պետության 16 հազարին չեմ սպասում»,- նշեց նա:
Հրանտ Բադալյանը նշեց, որ իրեն կանչել են սենյակ, ասել, որ ներկայացնի անձնագիրը և դուրս գա. «Ընդամենը 10 րոպե հետո կանչեցին և ասացին՝ Դուք կտրված եք կարգից, Դուք արդեն լավացած եք: Դուրս եմ գալիս ինձ նման հիվանդ մարդիկ ասում են՝ բա դուք չգիտե՞ք, որ պետք է պասպորտով ներկայանաք, մեջն էլ գումար դրված»։
Այժմ նա դատական հայցով պատրաստվում է դիմել Վարչական դատարան՝ հարցի լուծմանը իրավական ճանապարհով հասնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:










