Իրաքում շարունակվում է քրդերի անկախության հանրաքվեն. ո՞ր շրջաններն են հավակնում առանձնանալ Իրաքից (ուղիղ միացում)

11:36 • 25.09.17

Իրաքյան Քուրդիստանում շարունակվում է անկախության հարցով հանրաքվեն: Ինչպես գրում է քրդական Rudaw լրատվականը, իրաքցի քրդերը քվեարկում են Իրաքյան Քուրդիստանի տարածքում բացված 12.000 ընտրատեղամասում: 

Իրաքում անկախության հանրաքվեին մասնակցող տարածքներն են՝ Էրբիլը, Սուլեյմանիան, Դահուքը, Քիրկուկը, Հալաբջան, Սալլահ էդ Դին նահանգի Թուժ Հուրմատու շրջանը, Դիյալա նահանգի Հանաքին շրջանը, Մենդելին, Ջելևլան, Քարաթեփեն, Մոսուլի Շանգալը, Մահմուրը, Թիլքեյֆը, Համդանիան, Շեյհանը, Զումարը, Ռաբիան, Նեմրութը, Բերթիլլեն։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ հանրաքվեին մասնակցում է 5 մլն 200 հազ. ընտրող: Նրանցից միայն 1 մլն 200 հազ.-ը՝ մայրաքաղաք Էրբիլից, 1 մլն 280 հազ.-ը՝ Սուլեյմանիայից, 800.000-ը՝ Դահուքից, 750. 000-ը՝ Մոսուլից, իսկ ահա թուրքմենաբնակ Քիրկուկում քվեարկության կմասնակցի 750.000 քաղաքացի:

Նշենք, որ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու:

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանն առաջարկել էին հետաձգել հանրաքվեն: Նա, սակայն, հայտարարել էր, որ հանրաքվեն կկայանա նշանակված ժամկետներում, եթե նրան չառաջարեն այլընտրանք: Բարզանին սեպտեմբերի 14-ին հայտնել է, որ ստացել է նման այլընտրանք Արևմուտքի մի շարք երկրներից, բայց հանրաքվեի անցկացման հարցերով բարձրագույն հանձնաժողովն ավելի ուշ մերժել է առաջարկը: