Բունդեսթագում Ցեղասպանության մասին բանաձևի համահեղինակ Ջեմ Օզդեմիրը կարող է դառնալ Մերկելի նոր կոալիցիոն գործընկերը

11:18 • 25.09.17

Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող համանախագահ Ջեմ Օզդեմիրը կարող է դառնալ Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միության նոր կոալիցիոն գործընկերը, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:

«Ընտրություններում կրկին հաղթած Մերկելն այժմ պետք է կոալիցիա կազմի, և այս հարցում նրա առաջ կա մի քանի տարբերակ: Նախկինում նա կոալիցիայի մեջ էր ավելի ուշ ընտրություններում իր գլխավոր մրցակիցը դարձած Մարտին Շուլցի հետ, ընտրություններից հետո կողմերը հայտարարեցին, որ միասին կոալիցիայի մեջ չեն մտնի: Արդեն հայտնի է, որ հնարավոր տարբերակներից բացառված են նաև ծայրահեղ աջակողմյան ուժերը: Ամենայն հավանականությամբ Մերկելի նոր գործընկերները կլինեն «Կանաչների» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատները», - գրում է կայքը:

Նշվում է նաև, որ ընտրությունների արդյունքների հայտնի դառնալուց հետո «Կանաչների» կուսակցությունը՝ Ջեմ Օզդեմիրի գլխավորությամբ, հայտարարել է, որ պատրաստ է իշխանությունների հետ երկխոսության և չի բացառում կոալիցիայի մեջ տեղ գտնելը:

Հիշեցնենք, որ Օզդեմիրը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկության նախաձեռնողն էր և բանաձևի ընդունման ամենաակտիվ կողմնակիցներից մեկը, որը 2016-ի հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ելույթ է ունեցել անմոռուկի կրծքանշանով:


Ինչպես հայտարարել է Գերմանիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ բոլոր 299 ընտրական շրջանների ձայների հաշվարկից հետո, Մերկելի գլխավորած դաշինքը հաղթանակ է տարել Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում: Ընդհանուր առմամբ, Բունդեսթագ է անցել վեց կուսակցություն:


Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը ստացել է ձայների 33 տոկոսը, երկրորդ տեղում է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 20,5 տոկոս ձայնով, առաջին անգամ խորհրդարան է անցել «Այլընտրանք Գերմանիայի համար» ազգայնական կուսակցությունը՝ 12,6 տոկոս ձայնով:


Հինգ տոկոսի սահմանն են հաղթահարել նաև Ազատ դեմոկրատական կուսակցությունը, «Ձախերը» և «Կանաչները»:


Հայտնի է նաև, որ ընդլայնվել է Բունդեսթագի նոր կազմի տեղերի քանակը, այն ունենալու է 709 տեղ: