Իսպանիայի վարչապետը զարմացել է, երբ Թրամփը նրան երկրի նախագահ է անվանել (տեսանյութ)

14:23 • 27.09.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել ու հայտնվել անհարմար դրության մեջ:

Ինչպես նշում է washingtonpolity.com-ը, Սպիտակ տան բակում Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ 71-ամյա Թրամփը նրան «Իսպանիայի նախագահ» է անվանել:

Աղբյուրը նկատում է, որ իր նոր պաշտոնի մասին լսելուց հետո, Ռախոյը շրջվել ու զարմացած ԱՄՆ նախագահին է նայել: Հայտնի է, որ իր ելույթի ընթացքում Թրամփը Ռախոյին 3 անգամ Իսպանիայի նախագահ է անվանել:

Հիշեցնենք, որ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Թրամփը հանդիպել էր մի շարք աֆրիկյան պետությունների ղեկավարների հետ ու նրանց հետ զրույցի ընթացքում Նամիբիան «Նամբիա» անվանել: Դրանից հետո որոշ լրատվամիջոցներ հումորով եզրակացրել էին, որ ԱՄՆ նախագահը նոր երկիր է հորինել: