Վստահ եմ՝ շուտով նրանց կարտահանձնեն Ադրբեջանին. ադրբեջանցի պատգամավորն՝ Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիների մասին

15:40 • 29.09.17

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը մեղադրել է Արցախ այցելած Թուրքիայի 4 քաղաքացիներին դավաճանության համար ու հայտնել, որ ըստ իրեն՝ Թուրքիան կարճ ժամանակահատվածում կարտահանձնի նրանց Բաքվին:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում Հուսեյնովը նշել է, որ սեպտեմբերի 22-ին Արցախ այցելած գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջըօղլուի քայլը «դավաճանություն է ոչ միայն եղբայրական Ադրբեջանի, այլև Թուրքիայի հանդեպ»:

«Նրանց այս քայլն անհասկանալի է: Թուրքիան և Ադրբեջանը եղբայրական պետություններ են: Վստահ եմ՝ շուտով նրանց կարտահանձնեն Ադրբեջանին», - ասել է ադրբեջանցի պատգամավորը:

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքով Արցախ այցելած թուրք մտավորականները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու համար»: Նրանց հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում: