Հրապարակվել են այն համարի լուսանկարները, որտեղից Լաս Վեգասի հրաձիգը 59 մարդ է սպանել (լուսանկարներ)
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնք պարզ ցույց են տալիս, թե որտեղից է Լաս Վեգասի հրաձիգ Ստեֆեն Փեդոքը կրակ բացել ամբոխի ուղղությամբ՝ սպանելով 59, վիրավորելով 527 մարդու:
Առաջին երկու լուսանկարում երևում է, որ Mandalay Bay հյուրանոցի 32-րդ հարկի համարներից մեկի պատուհաններից 2-ը կոտրված են: Փեդոքը միտումնավոր է դրանք կոտրել, որպեսզի կարողանա ավելի շատ մարդու նշանառության տակ առնել:

Խուզարկության արդյունքում նրա սենյակում հայտնաբերվել է 23 միավոր զենք: Հայտնի է, որ նա մի քանի oր զենքը դասավորել է սենյակում՝ համարը դարձնելով դիպուկահարի «որջ»: Իսկ հոկտեմբերի 2-ին Փեդոքն իրագործել է արյունալի սպանդը:

Հարձակման օրը նա հազարավոր փամփուշտներ է օգտագործել, ինչը նրան հնարավորություն է տվել մոտ 72 րոպե անընդմեջ կրակել:

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում քանթրի ոճի երաժշտության փառատոնի այցելուների ուղղությամբ կրակ բացած անձը մուլտիմիլիոնատեր էր: 64-ամյա Ստեֆեն Փեդոքի եղբայրը պատմել է, որ նա միլիոններ էր աշխատել անշարժ գույքի գործարքներից: Նա նաև երկու ինքնաթիռ ուներ և մի քանի սեփականություն ԱՄՆ-ում։ Ըստ հրաձիգի եղբոր՝ նա նորմալ մարդ էր թվում՝ խաղամոլությունից զատ:
Այնուամենայնիվ, նա գաղտնի կերպով հավաքել էր 42 միավոր հրազենից բաղկացած հսկայական զինանոց: Այդ հրացաններից 23-ը մի քանի օրվա ընթացքում տեղափոխել է հյուրանոցային համար:
Իրավապահների փոխանցմամբ՝ հրաձիգն ինքնասպան է եղել:















